34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Սումգայիթում կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներ և զանգվածային տեղահանություն

  • by Western Armenia, 01 Մարտի, 2022 in Հասարակություն
151 դիտում

1988 թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանում՝ ինտերնացիոնալ հորջորջված Սումգայիթ քաղաքում, տեղի ունեցան հայ բնակչության կոտորածներ և զանգվածային տեղահանություններ: Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է. «Ականատեսների վկայությունների և դեպքերի վերլուծությունը հանգեցնում է այն մտքին, որ սումգայիթյան ցեղասպանությունը կազմակերպել են Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները, որոնց նպատակն էր ահաբեկել հայությանը` հարկադրելով հետ կանգնել Արցախի ազգային-ազատագրական պայքարից: Որոշ վերլուծաբանների կարծիքով` հայերի ցեղասպանությունը նախատեսված էր Ասկերանում, սակայն, այստեղ փետրվարի 22-ին դիմադրության հանդիպելով, ամբոխը նահանջեց: Ադրբեջանի իշխանություններն ընտրեցին Սումգայիթը: Ինչպես հայտնի է, Սումգայիթը կառուցվել և Ադրբեջանի երրորդ քաղաքն էր դարձել հենց հայերի գործուն մասնակցությամբ:  Սումգայիթի ցեղասպանությունն ուղղված էր Արցախի ու արցախահայերի դեմ, և սխալված չենք լինի, որ փետրվարի 22-ի հարձակման հետ փետրվարի 27-29-ի ոճրագործությունները համարենք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի սկիզբ: Ջարդերից մազապուրծ շուրջ 18 հազար հայ փախստական ապաստան է գտել Հայկական ԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում, ինչպես նաև ԽՍՀՄ այլ հանրապետություններում»։