Ֆրանսիայի միջազգային ռադիոն պաշտոնապես գործարկել է հայերեն նոր լրատվական խմբագրություն՝ դառնալով կազմակերպության 18-րդ օտարալեզու ծառայությունը։
Նոր ծառայությունը աշխատելու է բացառապես արևելահայերենով և ամբողջությամբ կենտրոնացած կլինի թվային բովանդակության արտադրության վրա։ Հաղորդվում է, որ 8 հոգանոց խմբագրությունը նպատակ ունի հասնել հատկապես երիտասարդ լսարանին՝ ակտիվ ներկայություն ունենալով Instagram, Facebook և TikTok հարթակներում։
Հայերեն ծառայության գլխավոր խմբագիր Ասթրիգ Հակոբյանը նշել է, որ ժամանակակից լսարանը մեծապես տեղեկություններ է ստանում սոցիալական ցանցերի միջոցով, և մեդիան պետք է հարմարվի այդ իրականությանը՝ պահպանելով որակն ու վստահելիությունը։
Նոր խմբագրության առաջնահերթությունների թվում են արագ տեղեկատվական հոսքը, նորարարական հաղորդման ձևերը և փաստերի ստուգման խիստ մեխանիզմները։ RFI-ի ներկայացուցիչների խոսքով՝ ծառայության նպատակն է ոչ միայն վստահելի տեղեկատվություն տրամադրել, այլև օգնել լսարանին տարբերել կեղծ լուրերը։
Բացի այդ, հաղորդվել է, որ լրագրող Լիլիթ Շահվերդյանը մայիսի վերջից սկսելու է աշխատանքը Հայաստանում՝ տեղում լուսաբանելով երկրի քաղաքական զարգացումներն ու առաջիկա ընտրական գործընթացները։
