Արևմտյան Հայաստանի զավակները.Ադամ Սահակյան

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2023 in Հասարակություն
70 դիտում

 Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանը զորամասում չէր ասել, որ կարողանում է լավ նկարել կամ նախագծել (նա մասնագիտությամբ ճարտարապետ–դիզայներ էր), որպեսզի նրան առաջնագիծ տանեն։Ադամն անվախ էր ու պատրաստ էր կյանքը տալ ոչ միայն հայրենիքի, այլ նաև իր հարազատների, ընկերների համար։ Դրա համար էլ նա առաջնագծում էր ուզում լինել` նրանց կողքին, ովքեր կարող են վտանգի տակ լինել։ Ադամը դեռ մանկուց նայում էր մարտական ֆիլմեր. որոնք գուցե նաև իր մասին էին։

Սահակյանը ծնվել է 1996 թվականին Երեւանում՝ լրագրող ու ռեժիսոր Գայանե Անտոնյանի եւ շինարար Խաչատուր Սահակյանի ընտանիքում: 2002 թվականից սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, ապա 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է կարատեով եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով: Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին զորակոչվել է բանակ եւ ծառայում էր Արցախում։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Բաքվի իշխանությունները  լայնամասշտաբ հարձակում են գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր եւ նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձեւ պաշտպանության: Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ(200-ից ավելի սպանված հատուկ ջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին եւ դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջրականի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում եւ կանգնեցնել հակառակորդին: Ադամ Սահակյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» եւ Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալներով: