Ալիևը բացահայտ «պատերազմ է» հայտարարել Մակրոնին

  • by Editbeglari, 10 Հունվարի, 2024 in TV
321 դիտում

Մակրոնի ադրբեջանական «հեղինակազրկումը» համաշխարհային մամուլի գլխագրերում է։ Պաշտոնական Բաքուն նախ Ֆրանսիայում դեսպանի, ապա ԱԳՆ խոսնակի մակարդակով բացահայտել է, որ դեկտեմբերի 4-ին  Բաքվի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռիանին, ում նկատմամբ դատարանը կայացրել է չորսամսյա կալանքի վճիռ: Նա Բաքվում է գտնվել 2020թ. հոկտեմբերից, երբ հիմնադրել է դիստրիբյուտերական բաց բաժնետիրական ընկերություն, որ զբաղվել է  ադրբեջանական սննդամթերքի ներկրումներով: Ի պատասխան իր քաղաքացուն անհապաղ ազատ արձակելու Ֆրանսիայի ԱԳՆ պահանջի՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ֆրանսիան հետաքննությանը միջամտելու իրավունք չունի: Նա բացահայտել է, որ Մարտին Ռիանի կալանավորումից հետո Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին «վերբալ նոտա է հղել՝ բացատրություններ ստանալու դեսպանատան երկու աշխատակցի եւ Մարտին Ռիանի համագործացության մասին, ինչը մերժվել է, Բաքուն կայացրել է երկու դիվանագետի արտաքսման որոշում»: Աշխարհում նման դեպքեր հաճախ են պատահում: Արտառոցն այն է, որ Մարտին Ռիանի գործով» ադրբեջանական քարոզչությունը կառուցված է Ֆրանսիայի նախագահին «ձախողված տղա» եւ նույնիսկ «կաղ ուղտ» ներկայացնելու նարատիվի վրա: Հիմքում Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնանկությունն է, ինչը Բաքուն ներկայացնում է որպես հինգերորդ հանրապետության ազգային անվտանգության եւ հետախուզական ծառայության դեմ Ադրբեջանի «փայլուն հաղթանակի վկայություն»: Սա արդեն զուտ Ֆրանսիայի և Բաքվի միջեւ լարվածության խնդիր չէ, ոչ էլ Իլհամ Ալիեւն այնքան միամիտ կարող է լինել, որպեսզի սադրի երկու երկրների հատուկ ծառայությունների «պատերազմ» եւ, մանավանդ, հրապարակայնացնի. նման գործերն, ինչպես ասում են՝ լռություն են սիրում: Ըստ երեւույթին, գործ ունենք Ֆրանսիայի եւ նախագահ Մակրոնի դեմ միջազգային խոշոր խաղացողի «պատերազմի» հետ, որ նա հինգերորդ հանրապետության դեմ վարում է ադրբեջանական «մարտադաշտում»: Մարտին Ռիանը ձերբակալվել, ապա եւ կալանավորվել է Բաքվում ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդաժողովից ոչ ավելի, քան մեկ ամիս անց: Այդ «հավաքը» կազմակերպել եւ գլխավորել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը: Մինչ այդ Բաքու է այցելել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, կողմերն ստորագրել են տեղեկատվական անվտանգության համաձայնագիր:

Ադրբեջանական հատուկ ծառայություններն, անկասկած, սերտ համագործակցում են նաեւ Թուրքիայի համասեռ կառույցների, ինչպես նաեւ՝ իսրայելական «Մոսադի» հետ: Բայց եթե համադրենք, որ Մարտին Ռեադի «ռեզիդենտուրան բացահայտվել է» Ղազախստան եւ Ուզբեկստան Ֆրանսիայի նախագահի այցից մեկ ամիս անց, ապա, թերեւս, կարելի է եզրակացնել, թե նաեւ ովքեր կարող են շահագրգռված լինել Մակրոնի «այսպես կոչված տղայամտության» հրապարակայնացմամբ: