Ասորիներու եւ քաղդէացիներու 1915-1918թթ ցեղասպանութիւնը ճանչնալու մասին Սահմանադրութեան 34-1-ին յօդուածին համապատասխան բանաձեւ

  • by Western Armenia, February 16, 2023 in Քաղաքականութիւն
144 դիտում

Վալտեր Բենյամինն ասել է, որ մարդկային առաջընթացի հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ արդարությունը չի վերականգնվել հալածանքների զոհ դարձածների համար։ Մենք պարտական ​​ենք նրանց, ովքեր զոհվել են Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ, նրանց տառապանքներին և հիշատակին: Միջազգային իրավական մարմինը պետք է հաստատի փաստերն ու մեղքերը։ Հոլոքոստի հրեաները, Սրեբրենիցայի բոսնիացիները և Ռուանդայի թութսիները, 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության, տեղահանությունների և թալանի զոհերը՝   լինեն նրանք հայեր, Պոնտոսի հույներ, թե ասորի քաղդեացիներ, պետք է ճանաչվեն Միջազգային քրեական տրիբունալի կողմից ՝ Միավորված ազգերի կազմակերպության մանդատով:

Պատմական հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ 1915 թվականին տեղի ունեցած Հայերի ցեղասպանությունը պատահականություն չէր, այլ Օսմանյան կայսրության կողմից կրոնական և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ հանցագործ վարչարարության գագաթնակետը: Դրա նշանակությունը գնահատելու համար պետք է հիշել, որ 1914 թվականին հայերը, հույները, հրեաները, սիրիացիները, ասորիները և քաղդեացիները կազմում էին Օսմանյան կայսրության բնակչության ավելի քան 19%-ը, մինչդեռ այսօր՝ 0,2%-ը։

Ժամանակակից թուրքական պետության կառուցումը հիմնված էր կրոնական և էթնիկ փոքրամասնությունների հետապնդումների վրա ։  Նախ բնաջնջվեցին քրիստոնյա փոքրամասնությունները։ Հետո հերթը հասավ նրանց, ովքեր անհամատեղելի էին համարվում սուննիզմի և թուրքականության վրա հիմնված ազգային ինքնության հետ։ Այսպիսով, կատաղի հակասեմական արշավը հանգեցրեց հրեաների վտարմանը Թրակիայից 1934 թվականին:  Չմոռանանք 1993 թվականի հուլիսին Սեբաստիայում և 1995 թվականի մարտին Կ.Պոլսի մի քանի թաղամասերում ալևի համայնքների դեմ իրականացված ջարդերը։

Վերջապես, ինչպե՞ս կարելի է մոռանալ քուրդ ժողովրդի աղետալի ճակատագիրը, որին Սեւրի պայմանագիրը խոստացել էր ինքնավար տարածք, որի շրջանակներում կճանաչվեն ասորի-քաղդեական փոքրամասնության իրավունքները։ Պայմանագրի 62-րդ հոդվածում ասվում էր, որ դրա իրականացումը պետք է «ներառի այս շրջաններում ասորա - քաղդեական  և այլ էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության լիարժեք երաշխիքներ»:

Հայտնի է, թե ինչ տեղի ունեցավ այս պայմանագրի հետ, որը Ֆրանսիան և Անգլիան շտապեցին փոխարինել 1923 թվականին ստորագրված Լոզանի պայմանագրով, որը հաստատեց նրանց խնամակալությունը Մերձավոր Արևելքում օսմանյան ունեցվածքի նկատմամբ և թողեց Հայաստանն ու քրդերին բախտի քմահաճույքին: Ավելի վատ, այս պայմանագիրը թույլ տվեց իրականացնել այն ինչը թուրքական կողմն անվանեց «էթնոկրոնական միատարրության կայունացում» եվ որըփաստացի հանգեցրեց մեկուկես միլիոն հույների արտաքսմանը Թուրքիայից։  Նրանց մեկ երրորդը մահացել է նախքան Հունաստանի ափեր հասնելը ։ Չի կարելի մոռացության մատնել նաև հույների այս ցեղասպանությունը Թուրքիայում։

Լոզանի պայմանագիրը հիմք դրեց թուրքական նոր պետության կրոնական և էթնիկ ինքնության համար: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք արդարադատության նախարարը 1930 թվականին հայտարարեց. «Թող բոլորը՝ բարեկամները , թշնամիները և սարերը, իմանան, որ այս երկրի տերը թուրքն է։  Նրանք, ովքեր մաքուր թուրք չեն, թուրքական երկրում ունեն միայն մեկ իրավունք ՝ դա ծառա լինելու իրավունքն է, դա ստրկության իրավունքն է»։

Ֆրանսիան համաձայն էր ամեն ինչի, նույնիսկ այն բանին, որ 1939 թվականի հունիսին Թուրքիային զիջեց Ալեքսանդրետայի սանջակը, որը պատկանում էր իր մանդատի տակ գտնվող Սիրիայի տարածքին։ Այնտեղ ապրող 50000 հայերը, հույները և ասորիները եվս  աքսորվեցին։ Ձեր բանաձեւում, հարգելի գործընկերներ, դուք գրում եք, որ «Ֆրանսիան պատմական և բարոյական պարտականություն ունի պաշտպանելու Արևելքի քրիստոնյա փոքրամասնություններին»։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ նա իր վրա վերցրեց այդ պարտքը միայն այն ժամանակ, երբ կարողացավ բավարարել իր աշխարհաքաղաքական հավակնությունները։ Այս անսկզբունքային պրագմատիզմը մեծապես թուլացրեց այս համայնքները, հատկապես ՝ քաղդեա-ասորական համայնքը, անկասկած, որովհետև նրա լեզվական, կրոնական և էթնիկ բաղադրիչների բազմազանությունն ավելի փխրուն դարձրեց այն: Որպես փոքրամասնություն փոքրամասնությունների մեջ, հալածվածների մեջ հալածված և մոռացվածների մեջ մոռացված, ասորա-քաղդեական մշտապես տառապում են Մերձավոր Արևելքի բուռն պատմության ցնցումների հետևանքներից: Ֆրանսիան, ճանաչելով Հայերի ցեղասպանությունը, որը վերաբերում է ոչ միայն հայերին, չանտեսեց նրանց։ Այս բանաձեւի արժանիքն այն է, որ այն ավելի հստակորեն կապում է դրանք բոլոր նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հետ, ովքեր զոհվել են 1915 թվականին։