ԿԱՐԻՆ — Ներկայացնում ենք Ստանիսլավ տարասովի պատմական ակնարկը անդրկովկասյան երեք պետությունների 1918թ․ անկախացման շուրջ։

«Մի քանի օրից Անդրկովկասի պետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը կնշեն ինքնավարության հռչակման 100-ամյակը։ Այդ օրվա հետ կապված հետաքրքրությունը մեծացավ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ տարածաշրջանում երեք պետություններն սկսեցին ստեղծել իրենց պատմությունները։ Բայց այսօր կպատմենք միայն մեկ օրվա՝ 1918թ․ մայիսի 26-ի մասին, երբ Թիֆլիսում հայտարարվեց Անդրկովկասյան Սեյմի փլուզման մասին։

Հիշեցնենք, որ այն ստեղծվել է 1918թ․ հունվարին հեղինակավոր վեհաժողովը ցրվելուց հետո։ Սկզբում նրա նախաձեռնողները իրենց ներկայացրին որպես ժամանակավոր կառավարություն, հետո Անդրկովկասի ընտրողների թվից ձևավորված պատգամավորների կազմկոմիտեից ձևավորվեց սեյմը։ Ինչպես նկարագրում են վկաները, Թիֆլիսում նկատվում էր կառքերի անսովոր ակտիվություն, որոնցում կարելի էր տեսնել հայ, վրացի և ադրբեջանցի ազգային խորհուրդների առաջնորդներին։ ԱՅդ ժամանակ ամեն ինչ անհանգիստ էր, թուրքերը հարձակվել էին, Արևմտյան Հայաստանից՝ քաղաք էին եկել բազմաթիվ փախստականներ՝ փորձելով փրկել իրենց կյանքը։ Բայց խուսափելով Թիֆլիսի՝ թուրքերի կողմից հնարավոր գրավումից, նրանք իրենց ճանապարհն ուղղեցին դեպի հյուսիս՝ Վլադիկավկազի ուղղությամբ։
Դաղստանյան կառավարությունը փախստականների մասսայական ալիքի արդյունքում փակեց սահմանը։ Լուրեր էին շրջանառվում, որ Անդրկովկասյան դաշնային հանրապետությունը փլուզման եզրին է, և ոչ ոք չգիտեր՝ ինչ էր լինելու հետագայում։
Եվ իրականում 1918թ․ մայիսի 14-ին Վրաստանի ազգային խորհրդի գործկոմը որոշում կայացրեց հռչակել Վրաստանի անկախությունը։ Երբ այդ մասին իմացան հայ և ադրբեջանցի ազգային խորհրդի առաջնորդները, նրանք էլ անցան ինտենսիվ խորհրդակցությունների՝ հետագա գործողությունների պլանը մշակելու համար։ Հայտնի դարձավ, որ վրացի մենշևիկները դիմել էին Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել «թուրք սուլթանի» զորքերի դեմ պայքարում։ Մոսկվան տվել էր իր համաձայնությունը։ 1918թ․ ապրիլի 26-ին ռուսական մենշևիկների կուսակցական մարմին հանդիսացող «Նոր կյանք» թերթը հրապարակեց Պետրոգրադի ԿԿ բյուրոյի հայտարարությունը․ «Տերեկի շրջանի և Վլադիկավկազի բոլշևիկները որոշել են իրենց զորքերն ուղղել դեպի Թիֆլիս»։

Այդ ուղղությամբ վրացի մենշևիկներին աջակցեցին հայկական ազգային խորհրդի գրեթե բոլոր ներկյացուցիչները և նույնիսկ մուսուլմանական խորհրդի մի մասը, հատկապես «Գումմետ» խմբակցությունը։ Իսկ ահա ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Ռասուլաձեն հայտարարեց, որ իր «կուսակցությունը զենքը ձեռքին կկռվի՝ վերադառնալով Անդրկովկաս Ռուսաստանի հետ»։ Բայց ոչ բոլշևիկներին հաջողվեց Վլադիկավկազից հասնել Թիֆլիս, ոչ էլ Բաքվի կոմունայի զորքերին, որոնք հատուկ երթուղի էին ձեռնարկել։ 1918թ․ փետրվարին Օսմանյան կայսրությունը ռազմական գործողություններ սկսեց Անդրկովկասի ուղղությամբ։ Գրավվեց Երզնկան, Բայբուրդը, Տրապիզոնը, Արդահանը, Էրզրումը։ Թուրքական զորքերին հաջողվեց հասնել ռուս-թուրքական 1914թ․ սահմանագծին։ 1918թ․ մարտին Լենինի կառավարութունը Գերմանիայի հետ կնքեց Բրետ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը և հրաժարվեց Կարսի, Արդահանի, Բաթումի հանդեպ իր պահանջներից։ Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի սահմանները բաժանված էին 1877թ․ սահմանագծով։ Որոշ փաստաթղթերի համաձայն, Անդրկովկասյան սեյմը հրավիրված չէր մասնակցելու բանակցություններին։ Բայց կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ սեյմի ներկայացուցիչներն իրենք էին հրաժարվել մասնակցել այդ բանակցություններին։

1918թ․ մարտի 1-ին հայտարարվեց Տրապիզոնի համաժողովի բացման մասին։ Բայց Անդրկովկասյան պատվիրակությունը ստիպված էր սպասել Ռուսաստանի կողմից Բրեստի պայմանագրի ստորագրմանը։ Բանակցությունների ձգձգումը հարկավոր էր Թուրքիային, քանի որ տարածաշրջանում իր լուրջ հակառակորդ Ռուսաստանը վերադարձրել էր նախկինում կորցրած հողերը թուրքերին։ Այժմ անդրկովկասյան պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում թուրքական կողմի ձեռքում կար լուրջ խաղաքարտ։ Համաժողովի ընթացքում Անդրկովկասյան հանրապետությունները պատրաստ էին զիջել Օսմանյան կայսրությանը միայն Կարսը և Արդահանը։ Ապրիլի 6-ին թուրքական ղեկավարությունը ներկայացրեց իր կտրուկ պահանջը՝ ճանաչել Բրեստի պայմանագրի կետերը այդ քաղաքների և Բաթումի հետ կապված։ Դա նշանակում էր, որ հենց սովետական Ռուսաստանն էր սահմանում Անդրկովկասյան սեյմի իրավազորությունը և Անդրկովկասը մտցնում Բրեստի պայմանագրի իրավական դաշտ: 1918թ․ ապրիլի 14-ին Անդրկովկասյան սեյմը Տրապիզոնից հետ կանչեց պատվիրակությանը, իսկ ապրիլի 22-ին որոշում կայացրեց տարածաշրջանը պաշտոնապես անկախ հռչակել ՌՍՖՍՀ-ից։

1918թ․ ապրիլի 27-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրությունը և Գերմանիան գաղտնի պայմանագիր կնքեցին Անդրկովկասում ազդեցության ոլորտների բաժանման վերաբերյալ։ Թուրքիային էր անցնում արդեն նրա կողմից զբաղեցրած Անդրկովկասի շրջանները և Հայաստանի մի մասը՝ Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա երկաթուղու երկայնքով։ Անդրկովկասի մյուս հատվածը՝ ներառյալ Ադրբեջանի շրջանները, համարվում էին Գերմանիայի հետաքրքրության շրջանակը։ 1918թ․ Բաթումի բանակցությունների ժամանակ, վրացական ազգային խորհուրդը գերմանական կառավարությունից հովանավորություն էր խնդրում, որ գերմանացի սպաները հարկ եղած դեպքում աջակցեն երկրի ներսում կարգ ու կանոն հաստատելու համար։

Հենց այդ ժամանակ վրացի մենշևիկները, դաշնակցության մեջ մտնելով Գերմանիայի հետ, որը մոսկովյան բոլշևիկների հետ դաշինքի մեջ էր Բրեստի պայմանագրի համաձայն, ինքնաբերաբար դառնում էր և՛ Գերմանիայի, և՛ Անդրկովկասի բոլշևիկների գործընկերը։ 1918թ․ հուլիսի 5-ին Ստալինը Չիչերինին ուղղված հեռագրում գրում է․ «Ծայրահեղ դեպքում ճանաչել Վրաստանի անկախությունը, միայն թե Գերմանիան պաշտոնապես ճանաչի Կուբանի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերը որպես Ռուսաստանի համար ներքին հարց․ սա պետք է պնդել վճռականորեն և անշրջելորեն»։

1918թ․ մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց ինքնաբացարկ։ Նույն օրը ադրբեջանական խմբակցության կողմից բանաձև ընդունվեց, որում ասվում էր, եթե Վրաստանը հայտարարի իր անկախության մասին, ապա իրենք ևս կգնան Ադրբեջանի անկախացման ճանապարհով։ Հայկական ազգային խորհուրդն այլ տարբերակ չուներ։ 1918թ․ մայիսի 27-ին սենսացիոն լուր տարածվեց, ըստ որի՝ հայկական պատվիրակության առաջնորդ Խատիսյանի և Դաշնակցության առաջնորդ Քաջազնունու հետ բանակցությունների ընթացքում թուրքական բանակի հրամանատար Խալիլ-բեյը հայտարարել էր, որ ճանաչում է հայկական պետությունը»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/2420665.html