Լուրեր Ջավախքից

  • by Western Armenia, November 30, 2023 in Հասարակութիւն
134 դիտում

Նաիր Մելիքյանի հաղթանակը Չինաստանում

Նոյեմբերի 25-ին, քիքբոքսինգի 71 կգ քաշային կարգում հանդես եկող ախալքալաքցի քիքբռնցքամարտիկ Նաիր Մելիքյանը հաղթել է չինացի մրցակցին՝ Լյու Յունլյունին։

Չինաստանի Տայշան քաղաքում ընթանում է Wu Lin Feng մրցումը, որը հայտնի է նաև որպես WLF, մարտարվեստի մրցում է, որը հեռարձակվում է Henan Television հեռուստատեսությամբ։ Դա Չինաստանում մարտարվեստի ամենաերկարատև ծրագիրն է:

Մելիքյանի մրցակցի՝ Յունլյունի հետ մենամարտը տեւել է 3 ռաունդ, որոնց ընթացքում Նաիրը հաղթել է առավելագույն միավորներով։ Նաիր Մելիքյանը 2 ամիս է, ինչ Չինաստանում է, որտեղ նա պատրաստվում էր մրցումներին։ 

Խմելու ջուրը 2023 թվականին չի հասնի Սուլդա և Դադեշ գյուղեր

Ջավախքի մունիցիպալիտետի Սուլդա և Դադեշ գյուղերի բնակիչները տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր ունեն։ Այս գյուղերը խմելու ջրով ապահովելու նախագիծն իրականացման վերջնական փուլում է։ Բայց ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, հնարավոր է 2023 թվականին ջուրը նշված գյուղեր չհասնի։

Երկու գյուղերի գյուղապետներն էլ՝ Զարզանդ Կուջոյանը և Էդգար Թումասյանը  լրագրողներին ասել են, որ աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Մենք տեղում եղել ենք, տեսել ենք, շինարարությունն ընթացքի մեջ է, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր կա։ Ներկա դրությամբ ևս աշխատանքներ են տարվում», – նշել են գյուղապետները։

Սակայն նրանք հստակ չկարողացան ասել՝ այս տարի ջուրը կհասնի գյուղ, թե ոչ։