Մադաթ Բաբայանը երեք զավակների, 13 թոռների հետ ապրում էր Գետավան գյուղում։ Նրա կրտսեր՝ չորրորդ որդին վաղուց Արևելյան Հայաստանում է ապրում։ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Մադաթը սովորականի պես գյուղի իր գործերով էր զբաղված․ 100-ից ավելի ոչխար ուներ, մեծ հողատարածք։
Կեսօրից սկսվել էր ադրբեջանական հարձակումը Արցախի վրա։ Գետավանի հարեւան գյուղը՝ Չարեքթարը, 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո դարձել էր ադրբեջանական դիրքերին անմիջական սահմանակից։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ վերցրին Չարեքթար գյուղը, երեկոյան՝ 20։00-ից հետո, երբ բնակիչները դուրս էին եկել գյուղից, վերցրին նաև Գետավանը։ Երեկոյան, երբ գյուղի բնակիչները շարժվում էին դեպի Ստեփանակերտ, Մադաթը անցել է տնետուն՝ համոզվելու համար, որ հարազատները դուրս են եկել․ հեռախոսակապը խափանված էր։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել, վերջին անգամ մտել է իր տուն ու մի քանի իր վերցրել։ Հարևաններից մեկը Մադաթին տեսել է տնից դուրս գալիս, կանչել է, որ նստի իրենց մեքենան, բայց չի լսել, այդ պահին մոտակայքում պայթյուններ են լսվել, և մեքենան արագությամբ դուրս է եկել։ Երեկոյան 20։00-ից հետո Գետավանն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հարազատները Մադաթ Բաբայանից ոչ մի տեղեկություն չունեին, դիմել էին տարբեր կառույցներ, բայց ոչինչ հնարավոր չէր եղել պարզել։ Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների տեղահանությունը դեպի Արևելյան Հայաստան։ Բաբայանների ընտանիքը Գորիսի մարդասիրական կայանում՝ անհետ կորածների տվյալների հավաքագրման բաժնում, տվել է Մադաթ Բաբայանի տվյալները։ Ընտանիքի անդամները նաև ԴՆԹ նմուշներ են հանձնել․ փնտրել են նրան ռազմականան գործողություններից հետո Արցախից դուրս բերված աճյունների մեջ։ Բաքվից Մադաթ Բաբայանի զանգի մասին բարեկամները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակին։