Արևմտյան Հայաստանի Հայերի հարցի շուրջ(1955 թվական) 

  • by Editbeglari, 02 Մարտի, 2024 in Ժամանակակից Պատմություն
579 դիտում

“Western Armenia TV”-ին ձեզ է ներկայացնում  ՝ 1955 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-7-Ի ԴԵՊՔԵՐԻ մասին պատմող վերջին երրորդ հոդվածը։ 

Սեպտեմբերի 6-7-ի դեպքերի հետ կապված սկզբնական շրջանում թուրքական դատարանները մեղադրանք են առաջադրել 4480 անձի, սակայն ընթացքում նրանց մի մասի վրայից հանվել է մեղադրանքը, իսկ արդեն 1955թ. վերջին՝ 3933 հոգի ազատ է արձակվել: 1956 թ. հունվարին’ 61 հոգի արդարացվել է, դատապարտվել է ընդամենը 228 անձ, այն էլ՝ բավական մեղմ պատժամիջոցներով: Ի դեպ, նկատենք, որ թուրքական դատական համակարգը 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերին անդրադարձել է նաև ավելի ուշ։ 1960թ. հոկտեմբերի 14-ին Մարմարա ծովի Յասսըադա կղզում սկվել է 1960թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանությունից հեռացված 592 տարբեր պաշտոնյաների՝ այդ թվում և Թուրքիայի նախկին նախագահ Ջելալ Բայարի, վարչապետ Ադնան Մենդերեսի, նախարարների, պատգամավորների դատավարությունը: Ներկայացված մեղադրանքների թվում էր նաև՝ 1955թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին Պոլսի, Իզմիրի և այլ վայրերում հույների ու հայերի նկատմամբ իրականացված ջարդարարությունները:  Այս ամենը ցույց է տալիս, որ անգամ թուրքական իրավապահ մարմիններն  ի վիճակի չեն եղել ամբողջությամբ կոծկել արդեն XX դարի կեսերին Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված ջարդարարական գործողությունները: Ավելացնենք  նաև, որ սեպտեմբերի 6-7-ի դեպքերը թուրքական քաղաքական դաշտում ևս սկանդալային բացահայտումների պատճառ են դարձե,լ և ընդդիմադիր ԺՀԿ-ն, ու իշխող ԴԿ-ն հանդես եկան միմյանց քննադատող, մերկացնող հայտարարություններով և ելույթներով:  Սակայն սեպտեմբերի 6-7-ի հետ կապված ամենասկանդալային բացահայտումը եղավ ավելի ուշ. տարատեսակ փաստերի և ապացույցների հիման վրա բացահայտվեց, որ Սալոնիկում Աթաթյուրքի տան վրա ռումբ նետելը իրականում կազմակերպել էին թուրքական հատուկ ծառայությունները` իրենց գործակալների միջոցով: : Փաստորեն` և՛ Սալոնիկի գործողությունը, և՛ Պոլսում  ու այլ քաղաքներում բողոքի հանրահավաքների անցկացումը, և՛ զինված հրոսակախմբերի հարձակումները՝ հույների և հայերի տների ու խանութների վրա, մեկ միասնական ծրագրի մաս են կազմել, որի կազմակերպիչը թուրքական իշխանությունն էր` իր համապատասխան կառույցներով: Հավելենք նաև, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի մասին մինչ օրս էլ շարունակվում են հետաքրքիր և հաճախ սկանդալային բացահայտումներ, տվյալներ ի հայտ գալ, որոնք հավելյալ լույս են սփռում տեղի ունեցածի վրա, և ավելի հստակ ներկայացնում թուրքական իշխանությունների հանցավոր վարքագիծը: