Հայերի դեմ կատարված Ցեղասպանությունը վերապրած Հայկ Ահարոնյանի հուշագիրը գրվել է իր որդու՝ Էմանուել Սերխիո Ահարոնյանի կողմից:
Հայկ Ահարոնյանը ծնվել է 1905 թ. Մայիսի 25-ին, Սեբաստիայում եւ հաճախել է հայկական մասնավոր դպրոց: Մի օր թուրքերը նրանց հայտարարում են, որ արտաքսում են բոլոր հայերին: Նրանք Հայկ Ահարոնյանի ընտանիքին առաջարկում են կրոնափոխ լինել եւ ընդունել իսլամ, սակայն Հայկի հայրը՝ Մանուելը, պատասխանում է, որ ծնվել է քրիստոնյա եւ մահանալու է որպես քրիստոնյա: Հայերի դեմ կատարված Ցեղասպանության ժամանակ Ահարոնյանը կորցնում է ութսունհինգ հարազատներ: Միայն մեկին՝ Լեւոն Դարբինյանին է հաջողվում անցնել Ռուսաստանի սահմանը եւ ապաստան գտնել Արեւելյան Հայաստանում:
Մի թուրք Հայկին տանում է Մալաթիայում գտնվող իր հողամաս, որտեղ նա ինը տարի աշխատում է: Վեց-յոթ տարեկան բոլոր երեխաները այդ ժամանակ սպանվում էին, որովհետեւ նրանք հետագայում կհիշեին, որ եղել են հայ ու քրիստոնյա։ 19-ամյա Հայկը բազում դժվարություննեի հանդիպելով՝ վերադառնում է Սեբաստիա: Նա գնում է իր հոր տուն եւ պարզում, որ այնտեղ արդեն թուրք ընտանիք է ապրում: Երբ նա հայտարարում է, որ տունը պատկանել է իր հորը, թուրքերը պատասխանում են նրան. «Հեռացի՛ր այստեղից, հակառակ դեպքում կկտրենք գլուխդ»:
Այսպիսով Հայկը ճանապարհ է ընկնում Կոստանդնուպոլիս՝ դեպի մեկ այլ վտանգավոր ճանապարհորդության: Նա այնտեղից ուզում էր գնալ Ֆրանսիա կամ ԱՄՆ: Սակայն նրան ձերբակալում են եւ մեղադրում երկիրը թողնելու մեջ։ Բանտում նա հանդիպում է Գեւորգ Հալաջյանին։ Այդ հանդիպումը նկարագրվում է Հալաջյանի «Դեպի կախաղան» վերնագրված հուշագրում: Հալաջյանը նկարագրում է Ահարոնյանին որպես մի երիտասարդ տղամարդ, ով «արտաքսման ժամանակ կորցրել էր իր ծնողներին, անապատի վառող արեւի տակ խոշտանգվելով՝ ամբողջովին այրել է մարմինը, իր սիրելիներին կորցնելու վիշտը խոցել է սիրտը, գերեզման է փորել իր ձեռքերով եւ այնտեղ՝ անապատի ավազներում, թաղել քրոջը, եղբորը, հորն ու մորը, բայց երբեք չի հուսահատվել կամ բարոյազրկվել»:
40-45 օրվա ընթացքում բանտում խոշտանգումբների ենթարկվելուց հետո՝ մի հայ գտնում է նրան, գումար վճարում պահակներին եւ ազատ արձակում: Հայկը իտալական մի նավ է նստում եւ իր պատմությունը պատմում անգլիացի նավապետին: Նավապետը, լսելով պատմությունը, Հայկին թաքցնում է նավում։
1924 թ.-ին Հայկ Ահարոնյանը հաջողությամբ հասնում է Տրիեստ եւ գնում Վենետիկ` Մխիթարյան հայրերի մոտ: Հետագայում նա դառնում է Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ: Ուսանողներից մեկի՝ Գաբրիել Զարմանյանի հրավերով մեկնում է Տրիպոլի, Լիբիա: Այնտեղ նա ամուսնանում է Գաբրիելի քրոջ հետ: Երեխայի ծնվելուց 33 օր հետո Նվարդը՝ նրա կինը, մահանում է: Հետագայում նա ամուսնանում է հայերի դեմ կատարված ցեղասպանությունից փրկված Փայլուն Սիրունյանի հետ։
1948-ին Հայկ Ահարոնյանը որոշում է հեռանալ Տրիպոլի բարգավաճ կյանքից եւ վերադառնալ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն. «Ես հոգնել եմ առանց երկրի մարդ լինելուց: Մենք հայ ենք եւ Հայաստանը մեր հայրենիքն է: Ի վերջո, իմ ընտանիքը սպանվեց, քանի որ մենք հայ ենք»: Սակայն որոշ անհաջողությունների հանդիպելով՝ ընտանիքը ստիպված է լինում հրաժարվել հայրենիք վերադառնալու մտքից։
Որդուն ուղղված նամակում Հայկը գրում է. «Թուրքերը մեզ սպանեցին բարբարոսաբար… Նրանք հորս սպանեցին իմ աչքի առաջ, մորս ինձնից բաժանեցին: Նա իր ձեռքերում պահում էր երկու տարեկան աղջկան՝ Շնորհիկին: Ես մի գեղեցիկ վեց տարեկան քույր ունեի՝ Պերճուհին եւ ութ տարեկան եղբայր՝ Արտաշեսը: Չգիտեմ, թե ուր են նրանց տարել թուրքերը եւ ինչպիսի դաժանությամբ են սպանել նրանց՝ բոլոր հարազատներիս հետ միասին: Նրանք ինձ ու մյուս հայ տղաներին տարան իրենց հետ: Դա մոռանալն անհնար է»: Հայկ Ահարոնյանը, ընտանիքին արտաքսման ժամանակ հաղթահարած իր տառապանքների մասին պատմելով, միշտ նշում էր. «Դուք պարզապես լսում եք դրա մասին, բայց մենք տեսել ենք մեր աչքերով»:
http://www.genocide-museum.am/eng/news-08.01.2018-Aharonyan.php

Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի սաները ուսուցիչների հետ, 1929-1932թթ .:
Աջ կողմից առաջին նստածը Հայկ Ահարոնյանն է

1973 թ. Փետրվարի 25-ին Հայկ Ահարոնյանի նամակից՝ ուղղված իր որդուն
«Արեւմտեան Հայաստան» հեռուստաընկերութեան գլխաւոր էջը կը ներկայացնէ նորաբաց «Արմենոսիդ» բաժինը, որու շրջանակներուն մէջ կը ներկայացնենք հայերուն դէմ կատարուած ցեղասպանութիւնը վերապրած կնոջ մը վկայութիւնը, ով կը պատմէ իր հետ պատահած պատմութիւնը։
Տիրուհի Խորոզեանը հայերուն դէմ կատարուած ցեղասպանութեան քանի մը կենդանի մնացած վկաներէն էր: Այն ժամանակ ան ընդամէնը վեց տարեկան էր, բայց արդէն «թշնամի» եւ «թիւրք» բառերը կ՛ընկալէր որպէս հոմանիշներ։ Ան չափազանց փոքր էր, որպէսզի հասկնար, թէ ինչու է այդ այդպէս, բայց բաւական մեծ էր այդ արիւնոտ դրուագներն ու վայրագութիւններն իր ողջ կեանքին ընթացքին յիշելու համար։
1915թ․-էն յետոյ իննսուն տարի անց Տիրուհին խօսեցաւ իր հայրենի Ադաբազար քաղաքին մէջ տեղի ունեցած իրադարձութիւններուն մասին, այնպէս, ինչպէս անոնք դեռ երեկ եղած էին։
«Արդէն երկու օր էր, որ մենք կը փախչէինք ժայռերով ու կիրճերով եւ այնքան ծարաւ էինք, որ մեր բերանները չորցած էին, նոյնիսկ շնչելը շատ բարդ կը թուար: Օր մը մայրս իջաւ ձորէն ջուր բերելու եւ տեսածէն սարսափահար՝ ետ դարձաւ։ Գետը այնտեղ նետուած դիակներու արիւնէն ամբողջովին կարմիր գոյն ստացած էր », — կը յիշէ Տիրուին:
Ադաբազարը Թիւրքիոյ հիւսիս-արեւմուտքին գտնուող քաղաք է: 1915 թ.-ին այնտեղ կը բնակէին շուրջ 30.000 մարդ, որոնց կէսէն աւելին հայեր էին: Անոնք առհասարակ կը զբաղէին առեւտուրով, արհեստներով, գիւղատնտեսութեամբ եւ միրգեր աճեցնելով: Այնտեղ չորս եկեղեցի կար նախապատրաստական դպրոցներով:
Սկսած 1915 թուականէն՝ հայ բնակչութիւնը տեղահանուեցաւ եւ սպաննուեցաւ գաղթի ճամբաներուն: Տիրուհիի հայրը` Անդրանիկ Արզումանեանը, ֆեդայի էր եւ կ՛օգնէր մարդկանց փախչելու թիւրքերու յաթաղաններէն։
Տիրուհին կը պատմէ,- «Օր մը երկու թիւրք զինուորներ բռնեցին հօրս, ես անոր հետ էի: Զինք բռնեցին եւ տարին, ես փոքրիկ երեխայ էի եւ կորսնցուցի ճանապարհը»։
«Զինուորները ինծի ցոյց տուին տուն երթալու ուղղութիւնը: Ես գացի այդ ճանապարհով եւ շուջս միայն մահ, սպաննուած մարդիկ, արիւն էր։ Ես չէի գիտեր ընելիքս, որ կողմ երթալս։ Բախտս բերաւ, որ տարեց կին մը կ՛անցնէր երկու երեխաներու հետ, ան ըսաւ, որ կ՛օգնէ ինծի եւ կը տանի մօրս մոտ»:
Բարեբախտաբար, երկար որոնումներէ ետք, Տիրուիի մայրը նոյն օրը կը գտնէ իր աղջկան եւ կը կարողանայ փրկել զինք: Այնուհետեւ մայրը Տիրուիհիին կրտսեր քրոջ եւ եղբօր հետ կը տանի Իզմիր, ապա` Յունաստան: Մէկ տարի անց անոնք կը գտնեն նաեւ իրենց հայրը, որ կրցած էր կերպով մը փախչիլ:
«Մենք ապրեցանք Յունաստան մօտ 18 տարի, մինչեւ 1932 թ .: Այնտեղ կ՛աշխատէինք ծխախոտի տնկարաններու մէջ: Երբ Խորհրդային Հայաստանը սկսեցաւ ընդունիլ հայրենադարձները, մենք նոյնպէս եկանք Երեւան», — ըսաւ Տիրուհին:
Տիրուհին իր ծննդավայրէն որեւէ պահպանուած բան չունի, որն ինրեն կը յիշեցնէ իր հայրենի քաղաքը: Ան կ՛ըսէ. «Ինչպե՞ս կրնայի հետս բան մը վերցնել իմ հայրենիքէն, երբ այնեղէն փախանք կայծակնային արագութեամբ»:
Ծեր կինը խոստովանեցաւ որ հազիւ թէ երբեւէ կարողանայ ներել թիւրքերուն: «Գուցէ երիտասարդները ներեն զիրենք, որովհետեւ անոնք չեն տեսած այդ ամէնը, բայց ոչ ես: Ես երբէք չեմ կրնար ներել անոնց», — ըսաւ ան եւ կրկնեց.« Չեմ կրնար»:
Պահ մը հայեացք նետելով դէպի իր վառուող մանկութիւնը՝ ան աւելցուց. «Մենք ապրեր ենք այդ կեանքը, լաւ կամ վատ՝ այդ մերը եղած է: Երեւի միւս աշխարհին մէջ աւելի լաւ կեանք կ՛ունենանք»:
