ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոցի կիրառման որոշումը

  • by Éditeur, 09 Դեկտեմբերի, 2021 in Միջազգային Քաղաքականություն
387 դիտում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցի կիրառման որոշումը։ Այս մասին հեռարձակվել է ուղիղ եթերով։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի պահանջների մեծ մասը, այդուհանդերձ չի բավարարել գլխավորը. Ադրբեջանը չի պարտավորվի վերադարձնել հայ ռազմագերիներին։ Փոխարենը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այդ երկրին պարտավորեցրել է ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունն ու երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ։ Մյուս կետով դատարանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի ատելության խոսքի տարածումն ու ռասսայական խտրականության տարածումը կանխելու համար, այդ թվում՝ նաև միջոցներ ձեռնարկի, որպեսզի էթնիկ պատկանելության համար մարդիկ չթիրախավորվեն պետական ինստիտուտների և պաշտոնատար անձանց կողմից:

Արդարադատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, այդ թվում՝ եկեղեցիների, պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, գերեզմանների նկատմամբ։

Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահվող անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո տեղի ունեցած զինված բախումների ժամանակ։

 https://www.icj-cij.org/public/files/case-related/181/181-20211207-PRE-01-00-EN.pdf