1920 թվականին Այնթափի ինքնապաշտպանության մասնակիցները՝ Ատուր Լեւոնյանի, Տեր Ներսես քահանա Թավոքճյանի, Ավետիս Քալեմքյախարյանի գլխավորությամբ, կազմակերպեցին Այնթափի հերոսական ինքնապաշտպանությունը:
Ապրիլից Այնթապի թաղերը և փողոցները փակվեցին պատնեշներով, պատրաստված ծրագրի համաձայն: Իրենց հայրերի, ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար: Այնթապցի կնոջ անձնվիրությունը հայ ժողովրդի պատմության պատվաբեր էջերից մեկն է կազմում:
Ճակատագրական եղան կռվի առաջին ութ օրերը : Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով: Այնթապցիների հակահարձակումները սակայն, առաջին իսկ գրոհից պսակվեցին հաջողություններով, որովհետև «Մահ կամ Ազատություն» նշանաբառով ճակատ իջնող ու զենք վերցնող այնթապցի հայը արհամարեց մահը և ուխտեց իր արյան գնով փրկել հայի պատիվը: Անկարելի էր չհիանալ այնթապցի հայ կտրիճների քաջությամբ և կորովով: Այդ ութ օրվա ընթացքում այնթապցիները գրավեցին կարևոր դիրքեր նահանջի մատնելով թշնամուն:
Կայծակնային հաջողությունների առաջին շրջանում սահմռկած թուրքերը դիմեցին նենգամտության: Իրենց կրկնակի դիմումների հիման վրա հաշտության բանակցություններ սկսվեցին:
