«Հույս ունեմ՝ ցուցադրությունը կունենա բազմաթիվ այցելուներ». Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան են բերվել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը

  • by Editbeglari, 17 Սեպտեմբերի, 2024 in Լուրեր
534 դիտում

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Ք․ ա․ II-I դարերի Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, բերված Բրիտանական թանգարանից ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով: Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Բրիտանական թանգարանի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության և այլ կառույցների աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ Բրիտանական թանգարանի ցուցանմուշները հանրության համար հասանելի դարձնելու, ինչպես նաև միջազգային մակարդակի ցուցադրություն կազմակերպելու առումով: Ցուցահանդեսի առանցքային թեման է մայրության և կանանց դերը պատմության մեջ, իսկ միջոցառման շրջանակում ներկայացվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի պահոցներում գտնվող արժեքավոր նմուշներ։

Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը նշել է, որ ցուցադրությունը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար և կարևորում է Բրիտանական ու Հայաստանի պատմության թանգարանների համագործակցությունը: