Ես այն երջանիկներից չեմ, որը կարող է պնդել, թե 37 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 20-ին ես ամեն ինչ հասկացել էի ու մեծ ոգեւորություն էի ապրել: Ավելին՝ խոստովանեմ, որ բնապահպանական ցույցերի՝ Արցախյան շարժման վերաճելու պահը ես բաց էի թողել: Եվ դեռ երկար ամիսներ չէի զգում, թե ինչ տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում, Հայաստանում եւ… մեր հոգեբանության մեջ: Իհարկե, զգում էի, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ելույթներն իրենց կառուցվածքով ու բովանդակությամբ տարբերվում էին մինչ այդ իմ լսած ճառերից: Բայց անցան տարիներ, մինչեւ որ գիտակցեցի, որ դա նոր մտածելակերպի, նոր (վարկաբեկված բառ օգտագործեմ) գաղափարախոսության սկիզբ էր:
Ես սկսեցի շատ բան հասկանալ միայն այն ժամանակ, երբ 1991 թվականի ամռանը (Խորհրդային Միությունը դեռեւս «պաշտոնապես» չէր փլուզվել) որպես «Ա1»-ի լրագրող կյանքումս առաջին անգամ այցելեցի Արցախ: Շատերից եմ լսել ու համաձայն եմ, որ Հայաստանի այդ մի մասնիկի օդը շնչելը, այդ մթնոլորտի մեջ թաթախվելը, այնտեղ ապրող մարդկանց հետ շփվելը կարող է փոխել մարդու կյանքը: Դա, իհարկե, չունի ռացիոնալ բացատրություն, բայց եթե միայն այդպիսի բացատրություններ փնտրենք, ապա պիտի ծափահարենք այս իշխանությունների կարգախոս-դավանանքին՝ կյանքը միայն ստամոքսը կուշտ լցնելու համար է:
Հիմա Արեւելյան Հայաստանի իշխանությունը մեզ համոզում է, որ Արցախն Ադրբեջան է, որ իրենց տներից եւ ունեցվածքից զրկված արցախցիները մեզ խանգարում են եւ իրենց հողը լավ չեն պաշտպանել, որ Ադրբեջանն իրավացի է, երբ ոչնչացնում է հայկական բնակավայրերն ու հուշարձանները, որ դատաստան է տեսնում Արցախի ղեկավարների հանդեպ: Որ 1988 թվականի փետրվարի 20-ին մենք գնացել ենք սխալ ճանապարհով: Ինչ ասես՝ չես անի «հանուն խաղաղության»: Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
