Արևմտյան Հայաստանում 116 տարի անց վերահրատարակվել է Գրիգոր Զոհրապի «Քրեական իրավունք» աշխատությունը

  • by Editbeglari, 18 Փետրվարի, 2026 in Գիտություն
122 դիտում

Օսմանյան շրջանի հայտնի Արեւմտեան Հայաստանի հայ իրավաբան, գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապի 1909 թվականին հրատարակված «Hukuk-ı Ceza» («Քրեական իրավունք») աշխատությունը 116 տարի անց վերահրատարակվել է։ Այն համարվում է օսմանյան-թուրքական քրեական իրավունքի հիմնարար ուսումնասիրություններից մեկը։

Զոհրապը (1861–1915) Երկրորդ սահմանադրական շրջանից հետո դասավանդել է Կոստանդնուպոլսի իրավաբանական ֆակուլտետում և միաժամանակ եղել է Օսմանյան խորհրդարանի՝ Մեջլիս-ի Մեբուսանի պատգամավոր։ Նրա դասախոսությունների հիման վրա կազմված գիրքը ոչ միայն ուսումնական ձեռնարկ է, այլև կարևոր աղբյուր՝ ժամանակակից քրեական իրավունքի ձևավորման գործընթացը հասկանալու համար։

Դեռևս 1891 թվականին Զոհրապը հանդես էր գալիս պաշտպանական իրավունքի ամրապնդման օգտին՝ ընդգծելով, որ մեղադրյալը չպետք է դատվի առանց փաստաբանի, իսկ նման հնարավորություն չունեցողներին պետությունը պարտավոր է տրամադրել անվճար պաշտպան։ Նա նաև զգուշացնում էր, որ դատավորների վերահսկողությունից դուրս գործող լիազորությունները կարող են վտանգել արդար դատաքննությունը։

1906 թվականին սուլթան Աբդուլհամիդ IIի օրոք Զոհրապին արգելվել է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, ինչից հետո նա մեկնել է Փարիզ։ 1908 թվականի սահմանադրության վերականգնումից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս և վերսկսել դասավանդումը։ 1909-ին նրա դասախոսությունները հրատարակվել են որպես 281 էջանոց աշխատություն՝ բաղկացած վեց հիմնական բաժիններից։

Գրքի նոր՝ 2025 թվականի հրատարակությունը պատրաստվել է թուրք փաստաբան Թուղայ Այդընի կողմից և լույս է տեսել On İki Levha Yayıncılık հրատարակչությունում՝ ակադեմիական շրջանակների մասնակցությամբ։ Անոտացիայում ընդգծվում է, որ «Hukuk-ı Ceza»-ն ժամանակակից քրեական իրավունքի ձևավորման հիմնարար տեքստերից է։

Վերահրատարակությամբ Զոհրապի իրավագիտական ժառանգությունը կրկին հասանելի է դարձել հետազոտողների և իրավաբանների համար՝ բացելով նոր քննարկումների հնարավորություն թե՛ իրավունքի, թե՛ մտավոր պատմության ոլորտներում։