Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվարժան նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Մայիս ամիսը հայության համար առանձնանում է բազմաթիվ նշանակալի օրերով։ 2013 թվականի մայիսի 24-ին Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի և Արևմտյան Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը, իսկ 2016 թվականի մայիսի 9-ին ընդունվեց ազգային սահմանադրությունը, որը պետք է ամրագրեր Ազգային ժողովի բարձր կարգավիճակը Արևմտյան Հայաստանի պետական համակարգում։
Մեջբերենք Սահմանադրության 83-րդ հոդվածը.
«Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) Արևմտյան Հայաստանի բարձրագույն օրենսդիր և ներկայացուցչական մարմինն է»։
Մենք՝ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներս, պատիվ ունենք լինելու այս բարձրագույն օրենսդիր և ներկայացուցչական մարմնի անդամները, ուստի պարտավոր ենք գիտակցել մեր պատասխանատվությունը և նվիրված աշխատանքի անհրաժեշտությունը։
Մենք կարող ենք գեղեցիկ խոսքերով ներկայացնել մեր նպատակները, խոստումները և գործունեության մանրամասները։ Սակայն այդ ամենը կկորցնի իր արժեքը, եթե մեր քայլերը հիմնված չլինեն բարոյականության վրա։ Մեր հաջողության բանալին մարդկային որակների կատարելագործման և ներդաշնակության մեջ է։ Հակառակ դեպքում կարող ենք ստանալ սպասվածից տարբեր արդյունքներ։
Թող սիրո զգացումը դառնա մեր շարժիչ ուժը, իսկ մեզ ուղեկցեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են պատասխանատվությունը, ազնվությունը, համեստությունը, արիությունը, ապաշխարությունը և հոգևոր այլ առաքինություններ։ Բարելավելով մեզ՝ մենք բարելավում ենք նաև հասարակությունը։ Մեր պայքարն արդար է և ճշմարիտ, ուստի մենք ևս պարտավոր ենք լինել արդար և ճշմարտության ձգտող։
Այս օրվա խորհրդի ներքո, դիմելով իմ գործընկերներին, մաղթում եմ, որ բոլորս հավատարիմ մնանք Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի առաքելության ոգուն, պահպանենք ներդաշնակությունը և ծավալենք արդյունավետ ու բեղուն գործունեություն։
Շնորհավորում եմ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի ստեղծման տարեդարձի առթիվ։
Մասիս Ինճիճյան
2026 թ. մայիսի 24
