Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է Սևրի դաշնագրի նշանակությունն ու առաջիկա նստաշրջանի օրակարգը

  • by Editbeglari, 12 Հունիսի, 2026 in Լուրեր
158 դիտում

Հունիսի 10-ին առցանց ձևաչափով կայացավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 20-րդ նիստը, որին մասնակցեցին 15 պատգամավորներ։

Նիստի ընթացքում ներկայացվեց Սևրի դաշնագրի վավերացման գաղափարի և դրա պատմաիրավական նշանակության վերաբերյալ զեկույցը։ Ընդգծվեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի նախաձեռնությամբ իրավական հարթությունում ամրագրված հունիսի 22-ը արդեն տասը տարի շարունակ նշվում է որպես Սևրի դաշնագրի վավերացման խորհրդանշական օր։ Նշվեց, որ դաշնագիրը շարունակում է մնալ հայ ժողովրդի պատմական իրավունքների հիմնարար փաստաթղթերից մեկը և կարևոր դեր ունի ազգային հիշողության պահպանման գործում։

Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը նաև ներկայացրեց հունիսի 13-ին կայանալիք 3-րդ գումարման 7-րդ նստաշրջանի օրակարգը։ Սպասվում է, որ նիստի ընթացքում կներկայացվեն խորհրդարանական հանձնաժողովների գործունեության հաշվետվությունները, կքննարկվեն հետագա ծրագրերը, ինչպես նաև կլսվի Կառավարության հաշվետվությունը։

Նշվեց, որ առաջիկա նստաշրջանը կանցկացվի Zoom հարթակում և միաժամանակ կհեռարձակվի Facebook-ի ուղիղ եթերով՝ հնարավորություն տալով հայրենակիցներին հետևել քննարկումներին։

Նիստի ավարտին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ անդրադառնալով ազգային նշանակության հարցերին և պետական կառույցների գործունեության շարունակականության կարևորությանը։