Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը կոչ է անում Իսրայելի խորհրդարանին ճանաչել Հայերի ցեղասպանությունը

  • by Editbeglari, 27 Հուլիսի, 2026 in Արմենոցիդ
132 դիտում

ԵՐՈՒՍԱՂԵՄ – Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը խոր մտահոգություն և հիասթափություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկվող բանաձևը դուրս է մնացել Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի քվեարկության օրակարգից։

Պատրիարքարանը հայտարարության մեջ ընդգծել է, որ անընդունելի է, երբ արտաքին քաղաքական ազդեցությունները կարող են ազդել Իսրայելի ներքին օրենսդրական գործընթացների վրա։ Հատկապես մտահոգիչ է գնահատվել այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք պատասխանատու են Արցախի ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանության համար, ըստ հայտարարության, կարող են ազդեցություն ունենալ Քնեսեթում քննարկվող հարցերի վրա։

Հայտարարության մեջ վերահաստատվում է, որ Հայերի ցեղասպանությունը պատմականորեն ապացուցված և անժխտելի փաստ է, որի ճանաչումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական շահերով։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը կոչ է արել Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայերի ցեղասպանությունը և միանալ այն պետություններին, որոնք արդեն ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Միաժամանակ պատրիարքարանը կրկին կոչ է ուղղել Թուրքիային՝ ընդունել պատմական ճշմարտությունը, ճանաչել Հայերի ցեղասպանությունը և հրաժարվել դրա ժխտման քաղաքականությունից՝ ընդգծելով, որ իրական և տևական հաշտությունը հնարավոր է միայն պատմական արդարության հիման վրա։