Սևրի դաշնագրի 106-ամյակի առիթով․ «Մեր նպատակը ճշմարտության ու սիրո հիմքերի վրա արդարության հաստատումն է»

  • by Editbeglari, 11 Օգոստոսի, 2026 in Լուրեր
129 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվարժան պարոն նախագահ,

Արևմտյան Հայաստանի Հանրապետության մեծարգո տիկին վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո տիկին նախագահ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Այս կարևոր օրվա առիթով ուզում եմ կիսվել իմ մտորումներով՝ առանց մտքերի մեջ խորանալու։

Մենք հայ ենք, բնիկ ենք, սակայն մեծամասնությամբ այնտեղ չենք, որտեղ պետք է լինեինք, և այնքան էլ շատ չենք, որքան այսօր պետք է լինեինք։ Սակայն որքան էլ որ ենք և որտեղ էլ որ ենք, ունենք նույն առաքելությունը՝ ճշմարտության ու սիրո հիմքերի վրա արդարության հաստատումը։ Մեր նպատակը վեհ է, համամարդկային, քանի որ ունենք բարձր հոգևոր ներուժ։

Վեհ նպատակներին հասնելու համար ունենք բազմաթիվ միջոցներ։ Ամենակարևորը թաքնված է մեր ներսում՝ բացահայտման սպասումով։ Դա աստվածային հումք է, որը պետք է մշակվի՝ մեզ վերափոխման առաջնորդելու համար։ Սկզբնական գլխավոր գործոնը կամ նախապայմանը մեր ինքնամաքրումն է և մարդկային որակների բարձրացումը։

Չկա անլուծելի հարց։

Իսկ ի՞նչ օր է այսօր։ 106 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, ստորագրվեց Սևրի դաշնագիրը և դարձավ Հայաստանի անկախության ու տարածքային իրավունքների միջազգային ճանաչման կարևորագույն փաստաթուղթը։ Մինչ օրս այն շարունակում է մնալ հայության արդար իրավունքների վերականգնման հիմնական հենարաններից մեկը։

Ուրեմն մեր ձեռքում է օգտագործել նման միջոցը՝ միշտ մեր գիտակցությունը պահելով վեհ նպատակի վրա։

Կարող ենք արձանագրել, որ հայությունը նման կարևոր հենարանի նկատմամբ միասնական մոտեցում չունի։ Սևրի դաշնագիրը երբեմն արժանանում է նույնիսկ ծաղրանքի ու հեգնանքի, ներկայացվում է որպես անպատասխանատու հայրենասիրության և արկածախնդրության օրինակ, որակվում է որպես սադրանք և այլն։

Գոյություն ունի նաև հակառակ կողմը, որը հաճախ խոսում է Սևրի դաշնագրի և «Վիլսոնյան Հայաստանի» մասին, իր սենյակի պատը զարդարում համապատասխան քարտեզով, սակայն միևնույն ժամանակ զուրկ է վեհ գաղափարից և հեռու է որևէ լուծման գործընթաց սկսելուց։

Ինչո՞ւ է այդպես։

Կարող ենք ասել, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության գոյությունը, նրա ժողովուրդը և դրա շուրջ ձևավորվող գաղափարները շփոթեցնում են հասարակական կարծիքը և անկայուն մարդկանց մտածողությունը։ Սակայն գլխավոր պատճառը չգիտակցելն է՝ չգիտակցել, թե որն է կյանքի, ազգի և հայրենիքի իմաստը։

Բարեբախտաբար, հայությունն ունի նաև հիմնական հենարան։ Դա Արևմտյան Հայաստանի պետությունն է՝ 1920 թվականին ճանաչված Հայաստանի Հանրապետության իրավական շարունակությունը՝ միջազգային իրավունքի ներքո։

Արևմտյան Հայաստանի պետությունն ի վիճակի է ընթանալ ճշմարտության ճանապարհով՝ հարցերը ճշգրիտ վերլուծելով և ճիշտ քայլերով առաջ շարժվելով՝ պահպանելով վեհ գաղափարը՝ ճշմարտության ու սիրո հիմքերի վրա արդարության հաստատումը։

Դառնալով Արևմտյան Հայաստանի քաղաքացի՝ յուրաքանչյուր հայ կարող է մասնակից դառնալ արդեն ընթացքի մեջ գտնվող արդարության ճանապարհին։

Մասիս Ինճիճյան
10 օգոստոսի 2026 թ.