Լիտիա Մարկոսեանի ելույթը՝ Սևրի դաշնագրի 106-ամյակին

  • by Editbeglari, 12 Օգոստոսի, 2026 in Լուրեր
1059 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Լիտիա Մարկոսեանը Սևրի դաշնագրի 106-ամյակին նվիրված ելույթում ներկայացրել է դաշնագրի պատմական և իրավական նշանակությունը հայ ժողովրդի համար՝ ընդգծելով, որ այն պետք է դիտարկել ոչ միայն որպես պատմական փաստաթուղթ, այլև որպես Հայկական հարցի միջազգային իրավական գործընթացի կարևոր հանգրվան։

 Լիտիա Մարկոսեանի խոսքով՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի մերձակայքում գտնվող Սևրի դահլիճում Օսմանյան կայսրության և Առաջին աշխարհամարտի հաղթող տերությունների միջև ստորագրված պայմանագիրը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ։ Սևրի դաշնագրի 88-93-րդ հոդվածներով նախատեսվում էր Հայաստանի՝ որպես ազատ և անկախ պետության ճանաչումը, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը պետք է որոշվեր միջազգային իրավական մեխանիզմի՝ արբիտրաժի միջոցով։

Ելույթում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայկական ազգային պատվիրակության գործունեությանը։ Լիտիա Մարկոսեանն նշել է, որ Հայկական հարցի միջազգային ներկայացման աշխատանքները սկսվել էին դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ և շարունակվել պատերազմի ու Հայերի ցեղասպանությունից հետո։ Պողոս Նուբարի գլխավորած պատվիրակությունը 1919 թվականին մասնակցել է Փարիզի խաղաղության վեհաժողովին՝ ներկայացնելով հայ ժողովրդի քաղաքական, տարածքային և փոխհատուցման պահանջները։

 Լիտիա Մարկոսեանն ընդգծել է, որ Հայերի ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի հայ բնակչությանը հասցված կորուստները միջազգային հարթակներում ներկայացված պահանջների կարևոր հիմքերից էին։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը հետագայում նպաստեց Հայկական հարցի քաղաքական պահանջներից դեպի միջազգային իրավական ձևակերպումների անցմանը։

Վարչապետը խոսել է նաև 1920 թվականի Սան Ռեմոյի համաժողովի մասին, որտեղ ձևավորվեցին Սևրի դաշնագրի հիմնական դրույթները։ Հենց այդ գործընթացում առաջ քաշվեց Հայաստանի սահմանների հարցը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժին փոխանցելու գաղափարը։ Մարկոսյանի ներկայացմամբ՝ սա կարևոր փուլ էր, քանի որ հայկական պահանջը կապվում էր միջազգային իրավական որոշակի մեխանիզմի հետ։

Լիտիա Մարկոսեանն անդրադարձել է նաև Սպայի համաժողովին, որը տեղի ունեցավ 1920 թվականի հուլիսին և որի ընթացքում դաշնակից տերությունները Օսմանյան կառավարությանը ներկայացրին վերջնագիր՝ Սևրի պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին ընդառաջ։

Ելույթի ընթացքում Լիտիա Մարկոսեանն հիշատակել է նաև 1918 թվականի Բաթումի պայմանագիրը՝  այն համարելով ամոթալի քայլ Սևրի գործընթացից առաջ Հայկական հարցի զարգացման մեկ այլ հանգրվան։ 

Նա ընդգծել է, որ այդ համաձայնագիրը կնքվել էր բոլորովին այլ քաղաքական պայմաններում և չէր կարող համարվել Սևրի դաշնագրի համարժեքը։

Լիտիա Մարկոսեանի հիմնական շեշտադրումներից մեկն այն էր, որ Սևրի դաշնագրի վերաբերյալ անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն դրա ստորագրման փաստը, այլև այն նախորդած դիվանագիտական գործընթացը՝ Հայկական ազգային պատվիրակության գործունեությունը, Փարիզի խաղաղության վեհաժողովը, Սան Ռեմոյի և Սպայի համաժողովները և միջազգային իրավական քննարկումները։

Ելույթի ավարտին Արևմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետը կոչ է արել հայ ժողովրդին, հատկապես երիտասարդությանը, խորությամբ ուսումնասիրել Սևրի դաշնագրի պատմությունը և դրա իրավական նշանակությունը։ Նրա խոսքով՝ պատմական փաստերի իմացությունը կարևոր է հայկական իրավունքների վերաբերյալ միջազգային քննարկումներում հետևողական և փաստարկված դիրքորոշում ներկայացնելու համար։