Սևրի դաշնագրի 106-ամյակին նվիրված ելույթում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արցախի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հարությունյանն անդրադարձել է հայ ժողովրդի պատմական և իրավական իրավունքների պաշտպանությանն ու դրանց միջազգայինացման անհրաժեշտությանը։
Նա ընդգծել է Սևրի դաշնագրի 88-93-րդ հոդվածների նշանակությունը Հայաստանի համար՝ առանձնացնելով Հայաստանի անկախության ճանաչումը և սահմանների որոշման հարցը։ Ելույթում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռին։
Աշոտ Հարությունյանը շեշտել է, որ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը պետք է շարունակվի միջազգային իրավունքի, դիվանագիտության, գիտության և միջազգային հանրային կարծիքի հարթակներում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պայքարը չսահմանափակել ռազմական ճանապարհով, այլ այն տեղափոխել երկարաժամկետ իրավական և քաղաքական դաշտ։
Ելույթում կարևոր տեղ է հատկացվել նաև Արցախի հիմնախնդրին։ Նա նշել է, որ Արցախի հարցը չպետք է դուրս մնա հայկական ազգային օրակարգից, և անհրաժեշտ է շարունակել միջազգային հարթակներում բարձրացնել Արցախի հայության անվտանգության, արժանապատիվ վերադարձի և իրավունքների պաշտպանության հարցերը։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Հայաստանի Հանրապետության միջև պետք է դիտարկել ոչ թե մրցակցություն, այլ գործառույթների բաժանում՝ մեկ ազգային նպատակի շրջանակում։ Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդը պետք է համախմբված և կազմակերպված շարունակի իր իրավունքների երկարաժամկետ իրավական ու միջազգային պաշտպանությունը։
