Թուրքական իշխանության ժխտողական դիրքորոշումը  հայերի ջարդերի հարցում

  • by Western Armenia, 22 Ապրիլի, 2023 in Արմենոցիդ
201 դիտում

Թուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, տապալելով սուլթանին, եկավ իշխանության: Իշխանության եկած առաջին իսկ տարիներից կուսակցության առաջնորդները նախագծեցին, կազմակերպեցին Մեծ եղեռնը` այդպիսով փորձելով փակել Հայկական հարցը: Օգտվելով աշխարհի պատերազմական վիճակից՝ սկսեցին տեղահանել ու կոտորել հայերին` հետագայում դա ներկայացնելով որպես զուտ պատերազմական անհրաժեշտություն: Իրականում ծրագիրը մեկն էր` տեղահանել և բնաջնջել հայ էթնոսին, զուտ նրա համար, որ հայ են: Հետագայում թուրքերը ձեռնամուխ եղան պատմությունը կեղծելուն` փորձելով ամեն ինչ հակառակ ներկայացնել` իբրև հայերն են կազմակերպել թուրք ժողովրդի ջարդը: 

Բացի այդ, խեղաթյուրվեցին հայերի ունեցվածքի մասին փաստաթղթերը, հայկական մշակութային կոթողները: Դա ցեղասպանություն էր մի ողջ էթնոսի` իր մշակույթով: Թուրքական կառավարությունը  իր ժխտողականությունը կառուցել է երեք հիմնական սկզբունքներով.

1. Պատասխանատվության տեղափոխում (այսինքն, հայերի կողմից են եղել կոտորածները):

2. Մտադրվածության ժխտում (այսինքն, ժխտվում է նախօրոք կազմակերպված լինելը, մասնակի ընդունվում է որոշ վայրերի տեղահանությունը, դա ներկայացնելով որպես ժողովրդի պաշտպանության անհրաժեշտություն):

3. Թվերի կեղծում (այսինքն, հայ բնակչության թվաքանակը, գույքը, մշակութային շինությունները կրճատ ներկայացնելը) : 

Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը պատճառ է հանդիսացել ազգային ինքնության ճգնաժամի ցեղասպանությունից հետո առաջին սերնդի շրջանում: Սա ցեղասպանության յուրօրինակ շարունակությունն էր: Սակայն հատկանշական է, որ վերջին ժամանակաշրջանում տեսնում ենք մեկ այլ իրականություն` ի պատասխան ժխտողական քաղաքականության, հայ երկրորդ և երրորդ սերնդի ներկայացուցիչները թե´ հայրենիքում, թե´ այլ երկրներում  միավորվել են և արտահայտում են նոր պարտավորություն` հակազդելու փաստերի հերքմանը և ժխտմանը: 

Ավելացել են նաև օտարազգի ներկայացուցիչների կողմից վկայությունները, ինչպես նաև պատմաբանների շրջանում տարածվել է մի նոր հետաքրքրություն՝ ցեղասպանության փաստերի ուսումնասիրման և վերահանման համար: