2023թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ հայ խոշորագույն գիտնական, ռադիոֆիզիկոս, հայագետ և մեծ անհատականություն՝ Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողությունը: Հանդիսությանը, որին հրավիրված էր նաև Արևմտյան Հայաստանի հանրապետության պատվիրակությունն ի դեմս վարչապետ Սեդա Մելիքյանի և ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանի, մասնակցում էին գիտնականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Պարիս Հերունու համախոհներն ու ընտանիքի անդամները: Պարոն Հերունին այն հազվագյուտ անհատականություններից է , որոնք չեն ընկրկում ոչ մի խոչընդոտի առջև և հաստատակամ քայլում են իրենց բացած ճանապարհով: Դա շատ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ շնորհակալ գործ է:Պարիս Հերունի գիտնականի գիտական ավանդի մասին շատ մանրամասն խոսեցին հանդիսավոր արարողության մասնակիցները, որոնց ելույթներին կարող եք ծանոթանալ ներքևի հղումով:
Նշենք միայն, որ Պարիս հերունու երակներում, ինչպես բոլորիս երակներում հոսում է ԵՐԿՐԻ արյունը՝ նրա պարագայում հաճենցու արյունը: Պարոն Հերունին այն անհատականություններից էր, ովքեր հավաքում են իրենց վրա նետված քարերը, որոնք հետո դառնում են նրանց պատվանդանի քարերը: Այդպիսիներին Աստված ի վերուստ պարգևում է սեփական գործի նկատմամբ մեծ հավատ և այն իրականացնելու հզոր կարողություն: Հայ ազգը իբրև պարգև ստացել է նման նվիրյալների հզոր բանակ բոլոր բնագավառներում, որոնք և հավերժացնում են Հայոց գենը:
Այդ նվիրյալներից են նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ ի դեմս նախագահ Արմենակ Աբրահամյանի, որը ոչ մի խոչնդոտի առջև չնկրկելով քսան տարուց ավել շարունակում է Պողոս Նուբարի գործը: Մենք գիտենք, որ միայն ազգային ուժեղ պետությունն է ի վիճակի ըստ արժանավույնը գնահատելու իր գիտական և քաղաքական ներուժն ու կառուցելու հզոր պետականություն, որն արժանի կլինի մեր նախնիների թողած ժառանգությանն ու նրանց վեհ անունին:
