Western Armenia TV-ն, հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ, շարունակում է հեռուստաեթերում ցուցադրել Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպված ինքնապաշտպանական մարտերի մասին վկայությունները։Բոլորին է հայտնի, որ Զեյթունն իր հերոսական մաքառման շնորհիվ կարողացել էր պահել ներքին ինքնուրույնությունը, որի հետ համակերպվել չէր կարողանում սուլթանական կառավարությունը։ Դեռևս 1880-ական թվականներից գործի էր դրվել Զեյթունը հայաթափելու և հիմնահատակ ավերելու սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճնշումների մի ամբողջական համակարգ։ Նազարեթ Չավուշի նախաձեռնությամբ Մութ ձոր կոչվող վայրում 1895 թ. հոկտեմբերի 12-ին գումարված ժողովում որոշվեց կենաց ու մահու պայքարի դուրս գալ թուրքական բռնակալության դեմ։ Արդեն հոկտեմբերի 15-ին բախում տեղի ունեցավ կառավարական զորքերի հետ։ Նույն օրը ապստամբները զրավեցին Զեյթունի կառավարչատունը և շրջապատեցին զորանոցը: Վերջինիս գրավումը խիստ կարևոր էր զինամթերք ձեռք բերելու, թիկունքն ամրապնդելու և ապստամբների մարտական ոգին բարձրացնելու առումով։ Զորանոցի անկման լուրը մեծագույն անհանգստությամբ ընդունվեց Կ. Պոլսում։ Զեյթունի դեմ կռվող ուժերի հրամանատարությունը դրվեց չերքեզ Մուստաֆա Ռեմզի փաշայի վրա։ Նոյեմբերի վերջին թուրքական բանակները Զեյթունի մատույցներում էին։ Նախքան hարձակումը սկսելը Ռեմզի փաշան Զեյթուն է ուղարկում Մարաշի հայերից կազմված մի պատվիրակություն՝ անձնատուր լինելու առաջարկով։ Պահանջվում էր հանձնել ինքնապաշտպանական խմբերի ղեկավարներին, վերադարձնել գրավված զենքն ու զինամթերքը և գերիներին։ Պահանջները մերժվեցին և թուրքական բանակները դեկտեմբերի 2-ին հարձակման անցան:
Զեյթունի ինքնապաշտպանության մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել Western Armenia TV-ի յութուբյան ալիքում։
