Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Վլադիմիր Բալայան 

  • by Editbeglari, 09 Հունիսի, 2026 in Լուրեր
218 դիտում

Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատար Վլադիմիր Բալայանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 14-ին՝ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում։

Երբ Արցախյան շարժման խաղաղ ցույցերը փոխարինվեցին զինված պայքարով, Վլադիմիրը հայտնվեց առաջնագծում՝ որպես ջոկատի հրամանատար։ Նա վաճառել էր իր անձնական ավտոմեքենան, ձեռք բերել զենք և կազմավորել ինքնապաշտպանական ջոկատ, որը պատրաստ էր դիմակայելու թշնամուն։ Վլադիմիրը ղեկավարում էր Մարտակերտի շրջանի պաշտպանությունը, սակայն ցանկացած այլ շրջանի իրավիճակի վատթարացման դեպքում իր զինվորների հետ անմիջապես շտապում էր օգնության։

1991 թվականի ձմռանը Շահումյանում տեղի ունեցավ Վլադիմիր Բալայանի և Լեոնիդ Ազգալդյանի հանդիպումը։ Այն զորամիավորումը, որը հիմնեցին Լեոնիդ Ազգալդյանն ու Վլադիմիր Բալայանը, 1990-1991 թվականներին կոչվում էր «Ազատագրական բանակ»։ Այն բացառիկ երևույթ էր հայկական զինված կազմավորումների պատմության մեջ։ «Ազատագրական բանակի» «Արցախ ճակատի» հրամանատարն էր Վլադիմիր Բալայանը։

Ազատագրական բանակը նշանակալի հաղթանակներ էր գրանցում։ Երկու տարվա ընթացքում, անընդհատ մասնակցելով մարտական գործողություններին, այն ազատագրեց 24 գյուղ՝ պաշտպանելով մի ամբողջ շրջան և ունենալով ընդամենը 7 զոհ։ Վլադիմիրը վեցերորդն էր. նա զոհվեց 1992 թվականի հունիսի 9-ին՝ Չայլու գյուղի պաշտպանական դիրքերում։

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամեանը ուղերձ է հղել նրա հարազատներին և զինակից ընկերներին՝ մասնավորապես նշելով.

«Վլադիմիր Բալայանը հայրենիքը սիրելու և գնահատելու վառ օրինակ է։ Նա պայքարեց հանուն հայրենիքի ազատագրման և ընկավ մարտի դաշտում՝ սերունդներին թողնելով ազատագրության վեհ գաղափարը։

Մեծ պատիվ էր մարտական դաշտում կռվել Վլադիմիր Բալայանի և Լեոնիդ Ազգալդյանի նման հզոր հրամանատարների կողքին, նրանց հետ կիսել բազմաթիվ դժվարություններ, ունենալ մարտական ընկերների կորուստներ, բայց նաև տեսնել հաղթական լուսաբացը։

Մենք պարտավոր ենք պայքարել հանուն հայության իրավունքների վերականգնման և մեր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար, մի նպատակ, որի ուղղությամբ այժմ գործում է Արևմտյան Հայաստանը»։