Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 16-րդ նիստը

  • by Editbeglari, 09 Մայիսի, 2026 in Լուրեր
101 դիտում

2026 թվականի մայիսի 6-ին տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 16-րդ նիստը, որը անցկացվեց առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցեցին ընտրված 53 պատգամավորներից 15-ը։

Նիստի ընթացքում որոշվեց, որ այսուհետ յուրաքանչյուր նիստից առաջ պարտադիր կերպով ընթերցվելու է նախորդ նիստի արձանագրությունը։ Ընթերցվեց նաև 2026 թվականի ապրիլի 29-ի նիստի արձանագրությունը։

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիմոն Մելքոնյանը անդրադարձավ հանձնաժողով մուտքագրված դիմումներին՝ նշելով, որ Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանի դիմումը շարունակում է մնալ ուժի մեջ, և հանձնաժողովը մոտ ժամանակում համապատասխան որոշում կկայացնի։

ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը նիստի ընթացքում կարևորեց մայիս ամսվա խորհրդանշական օրերը՝ մայիսի 9-ը՝ ԱՀՀ Սահմանադրության ստեղծման օրը, մայիսի 11-ը՝ ԱՄՆ-ի կողմից ԱՀՀ անկախության ճանաչման օրը, և մայիսի 24-ը՝ ԱՀՀ Ազգային ժողովի ստեղծման օրը։ Նա նաև տեղեկացրեց մայիսի 9-ին նախատեսված առցանց հանդիպման մասին, որը նվիրված է լինելու օրվա խորհրդին և պատմական նշանակությանը։

Նիստի ավարտին Նելլի Հարությունյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին մասնակցության համար՝ ընդգծելով ազգային միասնականության և պետական արժեքների պահպանման կարևորությունը։