2026 թվականի մայիսի 27-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 18-րդ նիստը, որին առցանց ձևաչափով մասնակցեցին 53 ընտրված պատգամավորներից 17-ը։
Նիստի ընթացքում ներկայացվեց մայիսի 24-ին ԱԺ ստեղծման տարեդարձին նվիրված առցանց հանդիպման հաշվետվությունը։ Մասնակիցները կարևորել են համախմբված գործունեությունը և Արևմտյան Հայաստանի ազգային նպատակների շարունակական առաջմղումը։
Օրակարգի առանցքային հարցերից էր ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին ներկայացվելիք զեկույցը՝ նվիրված Վանա լճի և հարակից տարածքների բնապահպանական խնդիրներին։ Զեկույցում անդրադարձ է կատարվել լճի բնական հավասարակշռության խախտումներին, շրջակա միջավայրի պահպանության մարտահրավերներին և պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Վանա լիճը ոչ միայն բացառիկ բնապահպանական արժեք է, այլև հայ ժողովրդի պատմական հիշողության և մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։
Նիստում հայտարարվել է նաև, որ շարունակվում է նյութերի և փաստերի հավաքագրումը պատմական Անի քաղաքի վերաբերյալ։ Մոտ ապագայում նախատեսվում է պատրաստել և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել նոր զեկույց, որը կանդրադառնա Անիի պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
