«Կենաց ծառ» հուշակոթողը՝ Ճունիեի սրտում՝ ի հիշատակ հայերի  դեմ իրականացված ցեղասպանության նահատակների

  • by Editbeglari, 18 Հունիսի, 2026 in Արմենոցիդ
92 դիտում

2026 թվականի հունիսի 13-ին Լիբանանի Ճունիե քաղաքում հանդիսավորությամբ բացվեց «Կենաց ծառ» հուշակոթողը, որը նվիրված է հայերի  դեմ իրականացված ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժությունը, հավատքն ու վերածնունդը։

Զմմառի պատրիարքական միաբանության և Ճունիեի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացված նախաձեռնությունը կյանքի կոչվեց տեր և տիկին Սարգիս և Ժյուլի Պուտագյանների նվիրատվությամբ։ Հուշակոթողի բացման արարողությանը մասնակցեցին հոգևոր, քաղաքական և մշակութային գործիչներ, ինչպես նաև Լիբանանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հուշակոթողի կենտրոնական խորհրդանիշը «Կենաց ծառն» է, որի խոր արմատները մարմնավորում են հայ ժողովրդի անսասան հավատքն ու պատմական գոյությունը, իսկ դեպի երկինք ձգվող ճյուղերը՝ նոր կյանքի, սրբության և հարության գաղափարը։ Կոթողը նվիրված է նաև Սուրբ Իգնատիոս Մալոյանի սրբադասման հիշատակին։

Միջոցառման ընթացքում ընդգծվեց հայ ժողովրդի դարավոր ներկայությունն ու ներդրումը Լիբանանի զարգացման գործում, ինչպես նաև կարևորվեց հայերի  դեմ իրականացված ցեղասպանության հիշողության պահպանումը և պատմական արդարության հաստատման անհրաժեշտությունը։

Այսուհետ Ճունիեի կենտրոնում կանգուն «Կենաց ծառը» կծառայի որպես հիշատակի վայր, հայ-լիբանանյան բարեկամության խորհրդանիշ և Հայ դատի մշտական վկայություն։