

Տիգրանակերտի Սուր թաղամասում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հյուրընկալել է հայկական ավանդական ժողովրդական պարերի եռօրյա աշխատարան։ Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայում գործող Yerkir կազմակերպության և Gamag ժողովրդական պարերի խմբի համագործակցությամբ։
Աշխատարանի ընթացքում ներկայացվել և վերակենդանացվել են Դերսիմի, Խարբերդի, Մարդինի և Տիգրանակերտի հայկական ավանդական պարերը։ Մասնակիցների թվում եղել են ոչ միայն հայեր, այլև քրդեր, թուրքեր և տարբեր համայնքների ներկայացուցիչներ, որոնք երեք օր շարունակ միասին սովորել և պարել են հայկական ժողովրդական պարերը։
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ներկայացուցիչ Գաֆուր Թյուրքայի խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են մշակութային հիշողության պահպանմանը և տարբեր ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանը։ Եռօրյա միջոցառումն ավարտվել է եկեղեցու բակում համատեղ պարով՝ խորհրդանշելով մշակութային ժառանգության վերածնունդն ու համակեցության գաղափարը։
