Հայոց Ադանա քաղաքի պատմությունը

  • by Éditeur, 25 Հունիսի, 2018 in Ժառանգություն
4266 դիտում

Ադանան Կիլիկիայի տարածքներում գտնվող ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Դժվար թե քաղաքի ներկա բնակիչներն իմանան իրական պատմությունը, և որ այն մինչև 1930-ական թվականները կարևոր դերակատարություն է ունեցել Կիլիկիայի հայության կյանքում։ Նույնիսկ ցեղասպանության, տեղահանության և հայությունից վերջնակապես ազատվելու փորձերը Ադանայում օգուտ չտվեցին, և երբեմնի Հայոց հզոր Կիլիկիայի գրեթե բոլոր շրջաններում պահպանվել է հայի հետքը։

Ինչպես և այլ խոշոր քաղաքներում, Ադանայում նույնպես գործել են հայկական ուսումնական և հոգևոր կենտրոններ։ Մերսինի և Տարսոնի հետ միասին Ադանան տարածաշրջանի գլխավոր քաղաքներից մեկն էր, դրա համար քաղաքում կենտրոնացած էին բազմաթիվ կրթարաններ։ Ադանայում հրատարակվում էին հայկական թերթեր։ Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործում էին երեք գիմնազիաներ։ Կային հայկական երկու բարձրագույն կրթարաններ։

Տեղի երիտասարդությունը թուրքերենից բացի ազատ խոսում էր ֆրանսերեն և անգլերեն։ Շատ հյուրանոցներ և բանկեր պատկանում էին տեղի հայությանը։ Քաղաքում հրատարակվում էին հայկական «Ադանա», «Կիլիկիա», «Հայի ձայն», «Տավրոս» թերթերը։
Նախքան Ադանայի 1909թ․ կոտորածները, քաղաքում ապրում էր 45.000 մարդ, որից 13.500-ը հայեր էին, մյուսները թուրքեր, արաբներ, ասորիներ և այլն։ Հայերն ապրում էին քաղաքի կենտրոնական հատվածներում՝ Ադանայի հարավային և արևմտյան մասերում։ Տեղի հայության մի մասը հարում էր Առաքելական եկեղեցուն, մի մասը կաթոլիկ էին, մնացյալները՝ բողոքականները։

Կաթոլիկ և բողոքական հայերն ունեին մեկական եկեղեցի, Առաքելական 4 եկեղեցի կար՝ Մինասի, Ամբերդի, Սբ․ Աստվածածնի և Ստեփանոսի։ Աբդուլ Համիդի, ինչպես նաև Հանրապետական Թուրքիայի կառավարման տարիներին, ամեն ինչ արվում էր Կիլիկիայում և մասնավորապես Ադանայում փոխելու էթնոդեմոգրաֆիական պատկերը։
Որպեսզի փոխվեր Ադանայի էթնիկական և կրոնական տեսքը, Օսմանյան կայսրության տարբեր շրջաններից բերվեցին բալկանյան թուրքեր, ինչպես նաև Կրետեի իսլամացած հույներ։

Օսմանյան կառավարությունը Ադանայում բնակեցրեց նաև չեչնների, չերքեզների, դաղստանցիների և աբխազների, որոնք բնակվում էին հիմնականում հայկական թաղամասերին մոտ։ Արդյուքնում՝ տեղի հայությունը սկսվեց հալածանքների ենթարկվել թուրքահպատակների կողմից, հաճախ ստիպված տեղահանվեց և լքեց իր հայրենի հողերը։

Չնայած հայերի հոսքին՝ հայերը Ադանայում շարունակեցին ապրել։ Նախքան Ադանայի ջարդերը, երբ կոտորվեց 10․000 հայ, քաղաքում կար 1200 հայկական տուն, 6 եկեղեցի, 16 դպրոց և կրթարաններ։ Մինչ օրս փորձագետները չեն կարողանում գնահատել քաղաքում հայության գույքի կորստի իրական չափերը։ Հարյուրավոր անտուն մնացած հայեր ապրելու տեղ էին փնտրում հարակից քաղաքներում։
Տեղի հայությունը միայն երեք թաղամասերում կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանություն։ Հայերի ջարդերը պլանավորված բնույթ էին կրում, այս մասին վկայում են հարյուրավոր փաստաթղթեր։

Արևմտյան միսիոներները, դիվանագետները և լրագրողները ականատես են եղել այդ վայրի կոտորոծներին Ադանայում։ Նրանցից որոշներն այնքան ցնցված էին իրենց տեսածից, որ լքել են քաղաքը՝ հույս ունենալով, որ Ադանայի դեպքերի մասին տեղեկություններ կհասցնեն միջազգային հանրությանը։
Պոլսում ռուս դեսպան Զինոևը գրել է այն մասին, որ խաղաղ հայ բնակչությունը կոտորվել է վայրագ ձևով։ Ֆրանսիացի կաթոլիկ միսիոներ հայր Բենուան սարսափով է հիշում հայերի ջարդերը՝ կազմելով իրադարձությունների ժամանակագրությունը։
Հայերից բացի, սպանվեցին նաև տեղացի արաբներ, ասորիներ և հույներ։

Զարմանալի է, որ երիտթուրքերը միջազգային հանրության աչքի առաջ ոչնչացրին հայ բնակչությանը, և ոչ ոք չդատապարտեց այդ դեպքերը։
Ջարդերից հետո քաղաքային խորհուրդների ղեկավարներ նշանակվեցին օսմանցի թուրքեր, ովքեր մեծամասնություն կազմեցին քաղաքում 1909թ․ Ադանայի ջարդերից հետո։ Հետո հայությունը փորձեց վերականգնել հայկական թաղամասերը քաղաքում, բայց շարունակական ցեղասպանությունը թույլ չտվեց։

Կիլիկիայում իսլամացած հայեր կան Զեյթունում, Մարաշում, Տարսոնում և Ադանայում։ Թուրքական հետաքննությունների տվյալներով (1937-1959)՝ այժմյան Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններում կան էթնիկ հայեր, այդ թվում՝ ծպտյալ հայեր, իսլամադավան հայեր, քրդացած, արաբացած հայեր և այլն։

Այսօր Ադանայում ապրում է 1.572.000 մարդ՝ քրդեր, թուրքեր, արաբներ, թուրքմեններ և այլն։

Աղբյուրը՝ http://vstrokax.net/v-mire/adana-istoriya-armyanskogo-goroda/