Արեւմտեան Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսնակի ելույթը

  • by Editbeglari, 12 Ապրիլի, 2025 in Լուրեր
309 դիտում

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսնակ Էլյա Դավթյանը հանդես է եկել շաբաթական ամփոփմամբ՝ ներկայացնելով Կառավարության կողմից վերջին օրերին իրականացված հիմնական աշխատանքներն ու քննարկված առաջնահերթ հարցերը։

Ամփոփման մեջ նշվել է, որ Կառավարության ուշադրության կենտրոնում են մնում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը, ազգային շահերի առաջմղումն ու մշակութային ժառանգության պահպանությունը։ Այս համատեքստում կարևորվել է արևմտահայերենի լեզվաբանական առանձնահատկությունների խոր ուսումնասիրությունն ու գործնական կիրառության խթանումը։ Խոսնակը շեշտել է, որ արևմտահայերենը դիտարկվում է նույնքան կենսական, որքան արևելահայերենը՝ որպես ազգային ինքնության պահպանման և վերամիավորման գործընթացի հիմնասյուն։

Շարունակվել են քննարկումները Արցախի հարցի շուրջ։ Կառավարության խոսնակը վերահաստատել է, որ Արցախի հարցը պետք է դիտարկվի ոչ միայն տարածքային իրավունքի, այլև արցախահայության՝ որպես բնիկ ժողովրդի, ինքնորոշման և պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի համատեքստում։ Կառավարությունը վճռական է շարունակելու իր աջակցությունն այս գործընթացներին՝ միջազգային հարթակներում ներկայացնելով արցախահայության արդար պահանջները։

Բացի այդ, խոսնակը հայտնել է, որ ընթանում են կազմակերպչական ակտիվ աշխատանքներ՝ մի շարք խորհրդանշական միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ։ Դրանք են՝

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները՝ նախատեսված ապրիլի 24-ին և 27-ին,

Արևմտյան Հայաստանի Հանրապետության հիշատակի և ոգեկոչման արարողակարգերի մշակում, որոնք կրում են համահայկական ու խորհրդանշական բնույթ։

Ամփոփման ավարտին խոսնակը նշել է, որ լույս է տեսել «Western Armenia» մագազին շաբաթաթերթի հոբելյանական՝ 70-րդ համարը։ Թերթը շարունակում է ընթերցողին ներկայացնել կարևոր և արդիական հոդվածներ՝ նվիրված Հայկական հարցին, Արևմտյան Հայաստանի պատմությանը, մշակույթին և քաղաքական զարգացումներին։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսնակը շեշտել է, որ Կառավարությունը շարունակելու է հետևողական և համազգային ուղղվածություն ունեցող աշխատանքները՝ նպատակ ունենալով պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունը, պատմական իրավունքներն ու ազգային ինքնությունը։

Խոսնակի ելույթը դիտելու համար անցեք հետևյալ հղումով.