Արևելյան Լեգիոնի ժառանգությունը և Արցախի իրավական պայքարի նոր փուլը.Արմենակ Աբրահամեան

  • by Editbeglari, 15 Նոյեմբերի, 2025 in Ազգային Խորհուրդ
138 դիտում

Արեւմտեան Հայաստանի Երեւանյան առաքելությունում տեղի ունեցավ հանդիպում Արցախահայության հետ։

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը։

Ելույթի ընթացքում Արմենակ Աբրահամեանը ընդգծեց, որ Արևելյան Լեգիոնի ավելի քան հարյուր տարեկան պատմությունը այսօր էլ շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել։ Նա հիշեցրեց, որ Լեգիոնը ձևավորվել էր Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ հայ կամավորներին համախմբելով Օսմանյան կայսրության դեմ պայքարի համար։ Այդ տարիներին, ըստ նրա, հայկական ուժերը կարևոր դեր ունեին ոչ միայն ազգային, այլև միջազգային անվտանգության հարցերում։

Արմենակ Աբրահամեանի խոսքով՝ Լեգիոնի հիմնական նպատակը Կիլիկիայի ազատագրումն էր և հայկական ազգային բանակի ձևավորումը։ Նա նշեց, որ այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը պայքարում էր սեփական պետականության վերականգնման և ինքնության պահպանման համար։ Վերջինս հիշեցրեց նաև Թիֆլիսի Հայկական ազգային խորհրդի գործունեությունը, որը հեռացավ հայկական դիմադրությունից՝ թուրքական ռեժիմի հետ ստորագրելով Բաթումի պայմանագիրը։

Այնուհետև Արմենակ Աբրահամեանը անդրադարձավ 1918–1920 թվականների պատմական բարդ իրադարձություններին՝ ընդգծելով, որ այդ ժամանակ հայությունը միաժամանակ ապրեց անկախության ձեռքբերումն ու նոր կորուստներ։ Խորհրդային Հայաստանի ստեղծումից հետո, նշեց բանախոսը, Արցախի հարցը դարձավ հաջորդ կարևոր փուլը հայ ժողովրդի քաղաքական պայքարում։

Շարունակելով՝ Արմենակ Աբրահամեանը խոսեց նաև 2021 թվականից հետո ձևավորված նոր իրականության մասին, երբ Արցախի հարցը տեղափոխվեց միջազգային իրավական դաշտ։ Ըստ նրա՝ միջազգային դատարաններում արդեն ներկայացված են տասնյակ դիմումներ՝ կապված մարդու իրավունքների խախտումների, բռնի տեղահանումների և սեփականության պաշտպանության հետ։ Նա ընդգծեց, որ այս գործընթացները պետք է շարունակվեն համակարգված, քանի որ հայերի իրավունքները ենթակա են միջազգային պաշտպանության։

Արմենակ Աբրահամեանը կարևորեց հայրենիքի նկատմամբ միասնական մոտեցման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ պետք է բացառել այն սխալները, որոնք կարող են վնասել իրավական գործընթացներին և պատշաճ կերպով ապահովել  Արեւմտյան Հայաստանի եվ  Արցախի  մասնագիտական ներուժի համադրումը։ Նա ընդգծեց, որ իրավական ճիշտ ռազմավարությունը կարող է ապահովել ոչ միայն Արցախի իրավունքների միջազգային ճանաչումը, այլև պատմական արդարության վերականգնումը։

Ելույթի ավարտին նա նշեց, որ Հայաստանը կանգնած է նոր քաղաքական և իրավական մարտահրավերների առաջ, և այդ իրավիճակում հայ ժողովրդի համախմբված ու հետևողական գործողությունները կենսական կարևորություն ունեն։