Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը

  • by Editbeglari, 23 Հունվարի, 2026 in Լուրեր
238 դիտում

2026 թվականի հունվարի 19-ին նշվեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության 106-րդ տարեդարձը։ Տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, հասարակական գործիչներ և հայ հանրության ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Իր խոսքում նա ընդգծեց, որ հունվարի 19-ը առանձնահատուկ նշանակություն ունի արևմտահայության համար՝ միաժամանակ խորհրդանշելով ինչպես անկախության տարեդարձը, այնպես էլ հայ մտավորական, իրավապաշտպան և լրագրող Հրանտ Դինքի հիշատակի օրը։ Նախագահը նշեց, որ այս օրն ընդգծում է հայության արդար պայքարը, ճշմարտության ձայնը և ազգային ինքնության պաշտպանությունը։

Արմենակ Աբրահամեանը շեշտեց, որ Հրանտ Դինքը դարձավ Արևմտյան Հայաստանի հայության ձայնը՝ իր կյանքի գնով բարձրաձայնելով ճշմարտությունը և պաշտպանելով հայ ժողովրդի իրավունքները։ Նրա խոսքը, ըստ նախագահի, շարունակվում է ապրել անկախության գաղափարի, հիշողության և արդարության պահանջի մեջ։

Ելույթներում անդրադարձ եղավ նաև Արևմտյան Հայաստանի հայության նկատմամբ իրականացված շարունակական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունը չի սահմանափակվել միայն ֆիզիկական բնաջնջմամբ, այլ շարունակվել է մշակութային, հոգեբանական և քաղաքական մակարդակներում։ Մասնավորապես նշվեց հայկական մշակութային ժառանգության, խաչքարերի և պատմական հուշարձանների համակարգված ոչնչացումը։

Միջոցառման մասնակիցները կարևորեցին նոր սերնդի դաստիարակության և ազգային ինքնության վերականգնման հարցը՝ ընդգծելով, որ հայության ապագան պայմանավորված է պատմական հիշողության պահպանմամբ և պետական մտածողության ամրապնդմամբ։ Անկախության 106-րդ տարեդարձը ևս մեկ անգամ հնչեցրեց Արևմտյան Հայաստանի պետականության վերականգնման և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղերձը։