Անիի պատմական կամուրջը՝ որպես պատմական արդարության խորհրդանիշ.Մասիս Ինճիճեան 

  • by Editbeglari, 02 Հուլիսի, 2026 in Լուրեր
139 դիտում

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 23-րդ նիստում պատգամավոր Մասիս Ինճիճեանը հանդես եկավ Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով դրա պատմական, իրավական և քաղաքական նշանակությանը։

Նա հիշեցրեց, որ 2026 թվականի մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիան ստորագրեցին Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ արձանագրություն։ Ըստ պատգամավորի՝ թեև նախաձեռնությունը ներկայացվում է որպես խաղաղության, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության խթան, այն չի կարող դիտարկվել պատմական արդարության համատեքստից դուրս։

Մասիս Ինճիճեանը նշեց, որ թուրք պաշտոնյաների հայտարարություններում Անին ներկայացվում է որպես «Անատոլիայի առաջին թուրք-իսլամական քաղաք», ինչը, նրա գնահատմամբ, արտացոլում է Թուրքիայի պետական պատմական քաղաքականությունը և անտեսում քաղաքի հայկական ինքնությունն ու ժառանգությունը։

Իր ելույթում պատգամավորը շեշտեց, որ Անիի պատմական կամուրջը պարզապես ճարտարապետական կառույց չէ, այլ խորհրդանիշ է հայկական հայրենիքի բաժանման, Հայերի ցեղասպանության  հետևանքների և պատմական անարդարության։ Նրա համոզմամբ՝ կամրջի վերականգնումը պետք է իրականացվի պատմական ճշմարտության, մշակութային ժառանգության պահպանման և հայ ժողովրդի իրավունքների ճանաչման սկզբունքների հիման վրա։

Ամփոփելով՝ Մասիս Ինճիճեանը ընդգծեց, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է հետևել գործընթացներին և իրավական հարթակներում պաշտպանել հայ ժողովրդի պատմական ու մշակութային իրավունքները։