Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 10-րդ նիստը՝ առանցքային քննարկումներով

  • by Editbeglari, 31 Մարտի, 2026 in Լուրեր
196 դիտում

2026 թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) 10-րդ նիստը, որը անցկացվեց առցանց ձևաչափով։ Նիստին մասնակցեց ընտրված 53 պատգամավորներից 15-ը։ Նիստը մեկնարկեց ժամը 21:30-ին և ավարտվեց 23:35-ին։

Նիստի ընթացքում միաձայն ընդունվեց օրակարգը, որից հետո քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Արևմտյան Հայաստանի մշակած ռազմավարությանը և դրա շուրջ հանրային արձագանքներին սոցիալական հարթակներում։ Քննարկման կարևոր ուղղություններից էր նաև կառավարության կողմից առաջարկվող կամավոր հանգանակությունների նախաձեռնությունը։

Նշվեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի ձևավորել միասնական և պատասխանատու ֆինանսական հիմք՝ հիմնված կամավոր մասնակցության վրա։ Այն հնարավորություն է տալիս ինչպես Արևմտյան Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ սփյուռքում ապրող հայերին անմիջականորեն աջակցել պետականաշինության գործընթացին։ Նախաձեռնությունը դիտարկվում է ոչ միայն որպես ֆինանսական միջոցների ներգրավման գործիք, այլև որպես ազգային համախմբման կարևոր մեխանիզմ։

Նիստում անդրադարձ կատարվեց նաև բուն հայկական՝ նախաքրիստոնեական տոմարին վերաբերող հարցերին։ Քննարկումները ուղեկցվեցին պատմական աղբյուրների վերարժևորմամբ և ժամանակակից գիտական մոտեցումների կիրառման անհրաժեշտության շեշտադրմամբ՝ հայկական ժամանակագրական համակարգի առավել ճշգրիտ վերաիմաստավորման նպատակով։

Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Մարիետտա Դումիկյանը։