Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի 23-րդ նիստում քննարկվել են կարևոր ազգային և միջազգային հարցեր

  • by Editbeglari, 02 Հուլիսի, 2026 in Լուրեր
129 դիտում

2026 թվականի հուլիսի 1-ին առցանց ձևաչափով կայացավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 23-րդ նիստը, որը նախագահեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը։ Նիստին մասնակցեցին ընտրված 52 պատգամավորներից 19-ը։

Նիստի ընթացքում միաձայն հաստատվեց օրակարգը։ Բացման խոսքում Արմենակ Աբրահամեանն անդրադարձավ օրակարգային կարևոր հարցերին՝ առանձնացնելով Իսրայելի կողմից Հայերի ցեղասպանության  ճանաչման վերաբերյալ լուրը, որը լայն արձագանք է գտել հայկական հանրային ու քաղաքական շրջանակներում։ Նա նաև ընդգծեց Կիպրոսի Հանրապետության պատմական դերակատարությունը՝ հիշեցնելով, որ այն առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Հայերի ցեղասպանություն ը։

Օրակարգի շրջանակում ներկայացվեց նաև Արևմտյան Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի առաջիկա նիստերին։ Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների հարցերով հանձնաժողովում նախատեսված է Արմենակ Աբրահամեանի ելույթը, որի ընթացքում կներկայացվեն Արևմտյան Հայաստանի բնիկ հայերի իրավունքներին վերաբերող հարցերը։

Նիստի ավարտին պատգամավոր Մասիս Ինճիճեանը հանդես եկավ Անիին նվիրված հուզիչ խոսքով՝ ընդգծելով հայոց հնագույն մայրաքաղաքի պատմամշակութային բացառիկ նշանակությունն ու նրա մնայուն տեղը հայ ժողովրդի ազգային հիշողության և ինքնության մեջ։

Նիստն ամփոփեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանը՝ կարևորելով ազգային օրակարգի շուրջ միասնական աշխատանքը և միջազգային հարթակներում հայկական շահերի հետևողական ներկայացումը։