Ծպտյալ հայերին Հայաստանում չեն մկրտել

  • by Éditeur, 13 Օգոստոսի, 2015 in Ազգային Քաղաքականություն
470 դիտում
Հայ Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացված  հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Տ Էրդալ Մերջանին: «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչու են մերժել այս մարդկանց. «Բոլոր կնքվողներն արդեն պատրաստ էին, սակայն Կաթողիկոսը Կիսլավոդսկից, որտեղ հանգստանում էր, մերժեց՝ պատճառաբանելով  Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շրջաբերականը: Նա իբր թե ասել է, որ այս մարդիկ մահմեդական են:  Մինչդեռ Թուրքիայի հանրապետության անձնագրում ոչ մի կետ չկա, որտեղ նշվում է կրոնը, հետևաբար որտեղի՞ց են իմացել, որ իբր մուսուլման են»: Պարոն Հացպանյանը մի շարք տխրալի փաստեր պատմեց Արամ Աթեշյանի մասին. «Ես Արամ Աթեշյանին մանկուց եմ ճանաչում, նա դավանափոխ հայի զավակ է: Արամ Աթեշյանի մայրը, հայրը չգիտեն հայերեն, քույրը մինչև հիմա քրդերեն է խոսում, ինքը ինչպե՞ս կնքվեց: Նա ո՞վ է, որ ազդի Կաթողիկոսի՝ Կիսլավոդսկից «նետ» ասելուն: Արամ Աթեշյանը կնքում է՝ ում ուզում է՝  հայության հետ որևէ առնչություն չունեցող թուրքին կնքել է, պատրիարքարանի պահակ է կարգել թուրքին: Իրեն ո՞վ է  իրավունք տվել թուրքին կնքել և հայ առաքելական եկեղեցու վկայական տալ: Արամ Աթեշյանը կատարում է թուրքական իշխանությունների հրահանգը: Իրենց համար ծպտյալ հայերի վերահայացման գործընթացին զարկ տալը լուրջ խնդիր է, և նա անում է ամեն ինչ, որ դա չլինի: Նա Էրդողանի ու Դավութօղլուի հրահանգով է առաջնորդվում և խոչընդոտում հայերի՝ պատրիարք ունենալուն: Եթե չխոչընդոտեր՝ մենք այս աշնան կընտրեինք մեր պատրիարքը»: Մշտական բնակության նպատակով Կ.Պոլսից ՀՀ տեղափոխված Իսահակ Փայլանը Արամ Աթեշյանի պատճառով է հեռացել հայությունից: Նա պատմեց. « Արամ Աթեշյանի արարքների պատճառներն ինձ անհայտ են, բայց ինքն ուզում է ամբողջ եկեղեցին իր բռում հավաքի: Իրենք կնքում են ծագումով թուրքերին և ժողովրդից թաքցնում են դա և երբևէ չեն ասում, որ թուրք են: Արամ Աթեշյանը իր համար ով հաճելի է կնքում է՝, ով ոչ՝ ոչ»: Տիգրանակերտցի Էրդալ Մերջանը ունի ընդամենը 24 ժամ, որպեսզի Հայաստանում կնքվի և այդ վկայականով կարողանա Թուրքիայում դիմել դատարան և վերականգնել իր հայությունը: Նա կրում է Արևմտյան Հայաստանի անձնագիր, որտեղ անունը գրված է Մատթեոս: Նա պատմեց. «Ես փոքրուց գիտեի, որ հայ եմ, բայց գիտեի, թե հայությունը կրոն է: Այստեղ՝ Հայաստանում, որ տեսնում եմ ժպտացող հայերի, ուրախանում եմ, որ այն ամենից հետո, ինչ մեզ հետ կատարվել է, մարդիկ կարողացել են ոտքի կանգնել»: Սարգիս Հացպանյանը այս առիթով նշեց. «Հրանուշ Հակոբյանը ինչպե՞ս պետք է արդարանա, որ հայտարարեց, թե էրդալը Փարամազ է դառնալու, բայց չդարձավ: Տիկին Հրանուշ Հակոբյանը այստեղ-այնտեղ հայտարարում է, որ Հայաստան են բերում ծպտյալ հայերի և այլն, բայց բերում են, որ հիասթափեցնե՞ն»:   Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/08/11/599512/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից