Արեւմտյան Հայաստանը դատապարտում է

  • by Éditeur, 14 Ապրիլի, 2015 in Ազգային Քաղաքականություն
517 դիտում
Ապրիլի 14-ին  ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս։
Թեման՝  «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի հրամանագիրը եւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին»:
Բանախոսներն  են՝
Տիգրան Փաշաբեզյանը —  Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ,
Էդուարդ Փոլատովը —  Հայաստանի եւ Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ,
Ռազմիկ Միխայլովը — Հայաստանի «Աթուռ» ասորիների միության քարտուղար:

Արեւմտյան Հայաստանը ճանաչում եւ դատապարտում է հույների եւ ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում

14-04-2015 15:24:06 | Հայաստան | Քաղաքական

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ստորագրել է Հրամանագիր, որով ճանաչել եւ դատապարտել է ասորիների եւ հույների ցեղասպանությունը:

Ինչպես ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Արեւմտյան Հայասատանի վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, մարտի 31-ին Հայաստանի հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչների կողմից իրենց ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դիմում-խնդրանքն ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին, ոչ միայն ընդունվել է, այլեւ այդ երկու ժողովուրդների ցեղասպանությունների դատապարտումն իրականացվել է օրենքի մակարդակով:

Ըստ Տ. Փաշաբեզյանի` հենց այս պատճառով Ա. Աբրահամյանը ստորագրել է թիվ 33 եւ 34 հրամանագրերը, որոնց համաձայն առանձին անդրադարձ է եղել երկու կարեւոր խնդիրների` նախ ռազմավարական նշանակության քաղաքականության, իրավունքների պաշտպանության համատեղ իրականացման ծրագրի մշակում, ապա բնիկ ժողովուրդների ձեւաչափում հայերի պահանջատիրության հետ մեկտեղ հույների եւ ասորիների պահանջների բարձրաձայնում:

«Արեւմտյան Հայաստանի պետական կառույցները եւ արեւմտահայերն ամբողջովին զորակցում են բարեկամ ժողովուրդներին պատմական արդարության, նրանց իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման եւ պատմական արդարության հաստատման գործում»,- ասաց Տ. Փաշաբեզյանը, ով հրամանագրերը փոխանցեց Հայաստանում հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներին:

Հարցին, թե ինչ է տալիս Արեւմտյան Հայասատանի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ասորիների «ԱԹՈՒՌ» միության նախագահ Արսեն Միխայլովը պատասխանեց. «Փաստը ցույց տվեց այն, որ մարտի 25-ին ՀՀ-ի Ազգային ժողովում հույների եւ ասորիների ցեղասպանությունների դատապարտման վերաբերյալ ընդունած հայտարարությունը նպաստեց տարբեր երկրներում մեր գաղթօջախների ակտիվացմանը»,- նշեց Ա. Միխայլովը:

Ըստ նրա` վերհոնշյալ հայտարարությունը պատճառ դարձավ Թուքիայում ասորական համայնքների ակտիվացմանը, ինչի մասին վկայում են օրերս Թուրքիայում ասորական համայնքի կողմից տեղի ունեցած զանգվածային հացադուլները:

«Քանի որ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը տեղի է ունեցել նույն ժամանակահատվածում, նույն տարածքում, նույն եղանակով Օսմանյան Թուրքիայի կողմից, հետեւաբար հետագայում մենք կարող ենք համատեղ աշխատանքի շնորհիվ պայքարել ու հասնել շոշափելի արդյունքի տարածքային եւ նյութական պահանջատիրության առումով»,- ասաց Հայաստանի «ԱԹՈՒՌ» ասորիների միության քարտուղար Ռազմիկ Խոսրոեւը:

Հայաստանի եւ Արցախի հունական «Պարտրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Փոլատովն ավելացրեց, որ իրենց համար շատ կարեւոր էր Հայաստանի Հանրապետության, Արեւմտյան Հայաստանի ու Արցախի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը:

«Մեր եղբար պետությունների կողմից հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչումը մեզ հնարավորություն կտա սկսել երկխոսություն մուսուլման հույների հետ, ովքեր ապրում են ներկայումս Թուրքիայի Հանրապետության տարածքում»,- նշեց Է. Փոլատովը` ավելացնելով, որ այդ երկիրն իրենցն է եւ իրենք պետք է այդ մասին բարձրաձայնեն:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Նոյյան տապան   —   Քաղաքական

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից