ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԵՆԵՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԻԱՅՆ ՄԻԱՍՆԱԲԱՐ

  • by Éditeur, 02 Դեկտեմբերի, 2015 in Ազգային Քաղաքականություն
263 դիտում
Դեկտեմբեր 1, 2015 Այս տարվա նոյեմբերի ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Վրաստանի պետական սահմանը խախտել են փորձել բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք հիմնականում Սոմալիի եւ Թուրքիայի քաղաքացիներ են եղել: Սահմանը խախտելու փորձերը հիմնականում գրանցվել են Ախալցխայի շրջանի Վալեի սահմանակետում եւ նորաբաց Կարծախի սահմանակետում: Կարծախի սահմանակետը բացելուց հետո Ախալքալաքի բերդում հանկարծ հայտնվեցին պանթուրքիստական գրություններ, որտեղ թուրքերենով գրված էր «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»: Նաեւ նոյեմբերի կեսերին գրանցվել են դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացու կողմից փորձ է արվել անօրինական զենք ներկրել Աջարիայի Ինքնավար Հանրապետություն, իսկ Ադրբեջանից Վրաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամը: Այս ամենի հետ մեկտեղ, երբ գրեթե ամեն օր Ջավախքում գործող Վրաց-Թուրքական սահմանակետերում նման դեպքեր են գրանցվում, հանկարծ ինտերնետում բազմաթիվ սպառնալիքներ են գրանցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունից Վրաստանի հասցեին, որտեղ ինչ-որ կայքեր սպառնացել են ստեղծել «Գուրջիստանի վիլայեթ»: Դեպքերի նման զարգացման պատճառով Վրաստանի կողմից որոշում է ընդունվել խստացնել սահմանակետերի աշխատանքը: Նաեւ մասամբ խստացվել են դպրոցների եւ այլ հասարակական հաստատությունների շուրջ անվտանգության կանոնները Սամցխե-Ջավախքում: Տարբեր ոչ հայկական ուժերի կողմից, այդ թվում նաեւ իշխանության կողմից աշխատանք է տարվում մարդկանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի շուրջ ներկայացնել որպես վախ եւ դրա պատրվակով սահմանել քաղաքացիների աննախադեպ վերահսկողություն Սամցխե-Ջավախքի հայկական շրջաններում: Այս ամենից ելնելով կարելի է եզրակացնել, որ եկել է ժամանակը, երբ պանթուրքիստական ուժերը տարբեր ահաբեկչական կազմակերպությունների միջոցով փորձելու են Սամցխե-Ջավախքը սկզբնական փուլում օգտագործել որպես Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք, ինչը եւ երեւում է սահմանի մասսայական խախտելու փորձերից: Դեպքերի ավելի արագ զարգացման պարագայում մեծ է հավանականությունը, որ հատուկ հրահանգով Թուրքիայից հենց տվյալ ահաբեկչական կազմակերպությունները փորձեն ապակայունացնել իրավիճակը նրանց համար ռազմավարական համարվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ընկած տարածքների շուրջ, ինչպես նաեւ սադրանքներ իրականացնեն առանց այդ էլ լարված Սամցխե-Ջավախքի մի այլ հատվածում՝ Ադիգենի շրջանում, որտեղ մահմեդականները դժգոհ են իրենց հանդեպ իշխանությունների վարած քաղաքականությունից: Միջազգային եւ հատկապես Ռուսական մամուլից երեւում է, որ թուրք-մեսխեթցիները եւս ակտիվացել են այս իրադարձությունների համատեքստում եւ ավելի ակտիվ են պահանջում հետ վերադառնալ Սամցխե-Ջավախք, ինչը ամենայն հավանականությամբ եւս պայմանավորված է մեր շրջանում Թուրքիայի ակտիվացմամբ: Այս ամենի նպատակը մեկն է, իրագործել իրենց պանթուրքիստական ծրագրերը տարբեր ուժերի միջոցով եւ կտրել Հայաստանը Վրաստանից ու հետեւաբար ամբողջ քրիստոնյա աշխարհից: Տվյալ ծրագրերի իրականացման միակ իրական արգելքը իրենց ճանապարհին դա Ջավախքի հայ ազգաբնակչությունն է, որը ոսկորի նման մշտապես կանգնել է նրանց կոկորդին: Վրաստանը բնականաբար եւս չի ցանկանա, որ ահաբեկչական խմբավորումները ներթափանցեն երկիր եւ ապակայունացնեն իրավիճակը Ջավախքում եւ ողջ երկրում ու այդ իսկ պատճառով պետք է հուսալ, որ ներկայիս Վրաստանը ելնելով պետության ազգային շահերից ու դասեր քաղելով թուրքի դեմ 1918թ. ջավախքցիների մղած ինքնապաշտպանական մարտերից, ի վերջո կդադարի տատանվել եւ կկատարի ճիշտ ընտրություն բարեկամ ընտրելու գործում հանուն Վրաստանի պետականության ու հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր ու իրական բարեկամության: Էդուարդ Այվազյան Ախալցխա   http://javakhkmedia.com/?p=6617