ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է գերությունից ազատված Բադալյանին վճարել 30.000 եվրո

  • by Éditeur, 13 Դեկտեմբերի, 2021 in Միջազգային Քաղաքականություն
453 դիտում

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը “Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի” գործով սահմանված ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան առողջության լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո, որևէ կերպ կապված չեն պահման պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանն ստացել էր անազատության գտնվելու ընթացքում: 

Այսպիսով, Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի խախտում, այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան սույն հոդվածում սահմանված դեպքերում և օրենքով սահմանված կարգով»: 

Սույն գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում»։