«Արցախի հայությունը Արցախում 5 հազար տարվա պատմություն ունի»․ գիտնականն առաջարկում է փաստերն օգտագործել բանակցություններում

  • by Editbeglari, 03 Ապրիլի, 2025 in Գիտություն
282 դիտում

2015 թվականին Ադրբեջանի դիվանագիտական ճնշումների պատճառով մեկ տարով հետաձգվեց «Ազոխի քարանձավն ու տրանսկովկասյան միջանցքը» գրքի հրատարակումը։ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձեցին արգելափակել այս գիտական աշխատանքը, այլեւ Ինտերպոլի միջոցով ձերբակալելու փորձեր ձեռնարկեցին դրա խմբագիրների, այդ թվում՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանի նկատմամբ։

Ազոխի քարանձավը, որը գտնվում է Հադրութի շրջանում, դարձել է միջազգային գիտական հետազոտությունների կենտրոն։ Այստեղ 20 տարվա ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են 100-400 հազար տարվա վաղեմություն ունեցող նստվածքներ, ինչը կարեւոր նշանակություն ունի նախնադարյան մարդու տեղաշարժերի եւ բնակության ուսումնասիրության համար։ ԴՆԹ-ի վերլուծությունները ցույց են տվել, որ Արցախի հայությունը բնիկ է եւ առնվազն 5000 տարի շարունակ ապրել է այս տարածքում։

Պրոֆեսոր Եպիսկոպոսյանը նշում է, որ ադրբեջանական կողմը հետեւողականորեն փորձում է խեղաթյուրել պատմական փաստերը եւ յուրացնել հայկական ժառանգությունը, մինչդեռ հայ գիտական արդյունքները բավարար ուշադրություն չեն ստանում պետական մակարդակում։ Նա ընդգծում է, որ առանց գիտական հետազոտությունների համապատասխան հանրայնացման եւ պետական աջակցության հնարավոր չէ պաշտպանել հայկական մշակութային եւ պատմական ժառանգությունը՝ միջազգային տեղեկատվական եւ դիվանագիտական պայքարում։