
2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախում ադրբեջանական ցեղասպանության ու էթնիկ զտման սպառնալիքի տակ արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից ու տեղափոխվեցին Հայաստան, Արմեն Պետրոսյանը որոշեց, որ Հայստանում ևս պետք է շարունակի իր առաքելությունը՝ արցախցի պատանիներին ու երիտասարդներին սովորեցնի համառ կիոկուշին մարզաձևը, ինչպես տարիներ շարունակ սովորեցնում էր Արցախում։
Արցախում Արմեն Պետրոսյանը զբաղեցրել է Կրթության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչի պաշտոնը և 15 տարի աշխատել է Արցախի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես կիոկուշին կարատեի մարզիչ, ուստի Հայաստանում էլ որոշեց մեկ հարկի տակ հավաքել պատանիներին ու երիտասարդներին։
Արդեն 10 ամսից ավելի է՝ գործում է Արցախի կիոկուշին կարատեի «Վերադարձ» մարզական ակումբը։
Անվանումը պատահական չէ, քանի որ այդ մարզաձևը սովորող ու դրա հմտություններին տիրապետող ցանկացած ոք պետք է ունենա Արցախ վերադառնալու նպատակ։
168.am–ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը պատմեց, որ մարզական ակումբը սկսել է գործել ու մի քանի մրցույթներ անցկացել «Լույս» հիմնադրամի շնորհիվ, որի հետ համագործակցության 10-ամսյա պայմանագիր է ստորագրել։
«Մենք արդեն ունենք երկու թիմ՝ 71 աշակերտ. 64 հոգին Արցախից են, 7 աշակերտ էլ՝ Երևանից։ Նպատակներ կան սեպտեմբերից ավելացնել խմբերի քանակը, որպեսզի դրանով և՛ աշխատանք ունենամ, և՛ այնպես անեմ, որ արցախցի մեր պատանիներին ու երիտասարդներին համախմբված պահեմ, որտեղ կպահպանվի նաև բարբառը»,- նշեց զրուցակիցը։
