Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտ քաղաքի մարզադաշտում, հայտարարել է, որ «Խանքենդին (Ստեփանակերտը) հին ադրբեջանական շրջան է: Այս գյուղը հիմնադրվել է Ղարաբաղի խանի կողմից, իսկ դրանից հետո ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից՝ Բաքվի միջոցներով ստեղծվել է խոշոր քաղաք»։ Բաքվի ղեկավարի ելույթը պարունակում է պատմական փաստերի բացահայտ կեղծումներ և աղավաղումներ: Ակնհայտ է, որ ինչպես Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերի, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «թուրքաֆիկացումը» այս երկրի վարչակարգի հայատյաց քաղաքականության մասն է: Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման, զարգացման, կառուցապատման մասին մեծ թվով տեղեկություններ են պարունակում 19-րդ դարի հայկական սկզբնաղբյուրները, Ռուսական կայսրության պաշտոնական վավերագրերը, որտեղ մանրամասնորեն ներկայցվում են բնակավայրերի բնակչության էթնիկ կազմը, զբաղմունքը, կալվածատիրական փոխհարաբերությունները, հարկերը, և այլն: Համաձայն հայկական աղբյուրների՝ ժամանակակից Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում եղել են մի քանի հայկական գյուղեր՝ Վարարակնը, Փահլուլը, Կրկժանը և այլն: 18-րդ դարի վերջին ներկայիս Ստեփանակերտի հյուսիսարևելյան կողմում հիմնվում է Շուշիի խաների ձմեռանոցը, որը հիշատակվում է որպես “Խանինբաղ”, այսինքն՝ խանի այգի:
Այդ տարածքները դառնում են Շուշիի խաների և նրանց ընտանիքի անդամների անձնական կալվածքները: Վերոհիշյալ տարածքների մեջ էր մտնում նաև հայկական Վարարակն բնակավայրը, որը ևս դառնում է խանական կալվածք֊խանական գյուղ, և սկսում է հիշատակվել՝ որպես Խանքենդի բառացիորեն խանի գյուղ: 19-րդ դարի 20-ական թվականներին Վարարակնի բնակչությունը բավականին նոսրացել էր, ռուսական պաշտոնական վավերագրերում հիշատակվում են միայն 40 ծուխ հայեր և նրանց քահանան, իսկ հետագայում գյուղը լքվում է, քանի որ բնակչությունը տեղափոխվում է Շուշի։
Western Armenia TV-ին առաջիկայում կներկայացնի պատմական ակնարկներ, որոնք կփաստեն Ստեփանակերտի՝ հայկական լինելը։
