Արևելյան Հայաստանում տեղի է ունեցել համշենական «Մելուսես» ռոք խմբի համերգը։ Այդ մասին, հայտնում է պոլսահայ շաբաթաթերթ «Ակօս»-ը։ Հրապարակման հեղինակ Շերիֆ Սարըի հաղորդմամբ՝ Hard Rock Cafe-ում կազմակերպված համերգը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել հայաստանցի երիտասարդության շրջանում։
Ըստ աղբյուրի՝ մայիսի 4-ի երեկոյան տեղի ունեցած համերգին մասնակցել են ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլ նաև՝ Ռուսաստանում և Աբխազիայում ապրող համշենահայ և երևանցի երիտասարդներ։ Թեև, նախապես ծրագրված է եղել, որ համերգը 2 ժամ կտևի, սակայն այն շարունակվել է 4 ժամ հանդիսատեսների մեծ հետաքրքրության և ոգևորության շնորհիվ։
«Մելուսես» խմբի մենակատար Քորայ Չելիքը միջոցառումից հետո նշել է․ «Արդեն մի քանի տարի է, որ ընկերներիս հետ երաժշտությամբ ենք զբաղվում մեր մայրենի համշեներենով (հայոց լեզվի Համշենի բարբառով-Ակունքի խմբ․)։ Առաջին անգամ, հրավեր ստանալով, համերգ ենք տվել Երևանում։ Անկեղծ ասած՝ զարմանքով բացահայտեցինք, որ մեր ստեղծագործություններն այդչափ ճանաչված են այստեղ՝ Հայաստանում և շրջակա երկրներում։ Այդ հետաքրքրությունը և Հայաստանի բնակչության հյուրընկալ վերաբերմունքը տպավորիչ էին։ Անձամբ իմ և մեր խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում՝ Երևանում համերգ տալու առաջարկով հանդես եկած մենեջերին, նրա խմբին և Հայաստանում մեր երգերը կատարելով՝ մեզ այստեղ ճանաչում բերած մեր թանկագին գործընկերուհուն՝ Քրիստինե Սահակյանին»։
