Հաշվետու ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արձախի հանձնաժողովը շարունակել է իր գործունեությունը՝ ուղղված Արձախի բնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև բռնի տեղահանված արձախահայության իրավաքաղաքական իրազեկման աշխատանքներին։
Այդ նպատակով համագործակցության և համատեղ գործունեության հնարավորություններ են քննարկվել մի շարք կառույցների և հասարակական նախաձեռնությունների հետ, այդ թվում՝ Արձախի մշակութային ժառանգության մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խմբերի, Հովիկ Ավանեսովի, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ի, Արձախի Հանրապետության Հանրային խորհրդի մշակութային ժառանգության հանձնաժողովի, «հայերի Հայրենիք» կուսակցության, Կոմանդոսի անվան «Քաղխորհրդի», ինչպես նաև ազգային և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Հանձնաժողովի անդամների կողմից իրականացվել է ակտիվ հրապարակախոսական գործունեություն։ Հրապարակվել է ավելի քան 100 հոդված և վերլուծական նյութ, որոնց հիմնական նպատակներն են եղել՝
• Արձախի բնիկ հայ բնակչության իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացումը,
• Արձախի ժողովրդի բնիկության իրավունքի հիմնավորման և հանրայնացման աշխատանքները,
• բռնի տեղահանված Արձախահայության շրջանում բնիկության տեսլականի ներկայացումը,
• միջազգային իրավական հարթակներում Արձախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հնարավորությունների լուսաբանումը,
• հանրությանը տեղեկացնելը Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում իրականացվող այն աշխատանքների մասին, որոնք առնչվում են Արձախի հարցին և իրականացվում են Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից։
Հանձնաժողովի գործունեության վրա որոշակի ազդեցություն են ունեցել Հայաստանի Հանրապետությունում ընթացող ներքաղաքական և ընտրական գործընթացները։ Այդ ժամանակահատվածում Արձախահայությունը, ինչպես և ՀՀ-ի հասարակության մյուս հատվածները, ունեցել է տարբեր քաղաքական նախընտրություններ և ներգրավվա-ծություն տարբեր քաղաքական ուժերի գործունեության մեջ, ինչի հետևանքով Արձախահայության տարբեր խմբեր հաճախ հայտնվել են տարբեր, երբեմն նաև միմյանց հակադիր քաղաքական դիրքորոշումների շրջանակներում։
Այս պայմաններում հանձնաժողովը նպատակահարմար է համարել պահպանել քաղաքական չեզոքություն՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտման և քաղաքական ընտրության բնական իրավունքը։ Հանձնաժողովը հետևողականորեն խուսափել է որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ գործունեությունից՝ առաջնային համարելով Արձախի բնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության և համախմբման խնդիրը։
Միաժամանակ, տեղեկատվական և հանրային քննարկումների ընթացքում պարբերաբար ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ընտրական գործընթացներին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնության ծրագրերում Արձախի բռնի տեղահանված բնակչության անհատական և հավաքական իրավունքների պաշտպանության հարցերը չեն զբաղեցրել համարժեք տեղ։ Այդ պատճառով հանձնաժողովը հետևողականորեն ընդգծել է, որ Արձախի հայության իրավունքների պաշտպանությունը պետք է դիտարկվի ոչ թե կուսակցական պայքարի, այլ համազգային իրավապաշտպան օրակարգի շրջանակներում՝ հիմնված բնիկ ժողովուրդների իրավունքների, պատմական արդարության վերականգնման և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
Հանձնաժողովը նաև կարևորել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից ձևավորվող իրավապաշտպան օրակարգը՝ այն դիտարկելով որպես միջազգային իրավունքի հարթակներում Արձախի և ընդհանրապես հայ ժողովրդի անօտարելի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղղություններից մեկը։ Այս համատեքստում հանձնաժողովը շարունակելու է նպաստել իրավական, գիտական և տեղեկատվական աշխատանքների զարգացմանը՝ միտված Արձախի բնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության, պատմամշակութային ժառանգության պահպանության և ազգային շահերի առաջմղման գործին։
