Հայերի ցեղասպանության արձագանքը լիբանանյան մամուլում և սոցիալական ցանցերում 

  • by Editbeglari, 20 Մայիսի, 2026 in Արմենոցիդ
115 դիտում

2026 թվականի ապրիլի 24-ին Հայերի ցեղասպանության կապակցությամբ լիբանանյան մամուլը և սոցիալական ցանցերը լայնորեն անդրադարձել են ոգեկոչման միջոցառումներին՝ ընդգծելով ինչպես պատմական հիշողության, այնպես էլ հայ համայնքի ներկայության ու դերի կարևորությունը Լիբանանում։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հայտարարությունը, որում նա Հայերի ցեղասպանությունը բնորոշել էր որպես «մարդկային ողբերգություն», լայն արձագանք է ստացել լրատվամիջոցներում։ Նրա խոսքում ընդգծվել էր Լիբանանի բազմազանության ու համակեցության առաքելությունը, ինչպես նաև հայ համայնքի ներդրումը երկրի ժամանակակից զարգացման մեջ։

«Նահար» թերթը հրապարակել է հոդվածներ՝ նվիրված հայկական ինքնության պահպանման խնդիրներին՝ անդրադառնալով գաղթականության մարտահրավերներին։ Թերթը նաև լուսաբանել է Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած ոգեկոչման արարողությունները և զրուցել հայ ազգային գործիչների հետ։

«Ժումհուրիա» թերթում հրապարակվել է հոդված՝ «Հիշողությունը իբրև արդարություն» խորագրով, որտեղ ընդգծվում է պատմական հիշողության կարևորությունը որպես արդարության պահանջ։

Մի շարք լրատվամիջոցներ և գործակալություններ՝ այդ թվում «Ուիքալա Ուաթանիա», «Լիուաա», «Մակազին» և այլ աղբյուրներ, տարածել են հայ երեք կուսակցությունների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսի պատգամը՝ ուղղված համայնքին։

Ֆրանսալեզու մամուլը՝ մասնավորապես «L’Orient-Le Jour»-ը, անդրադարձել է Անթիլիասի միջոցառումներին՝ շեշտելով նաև հայկական մշակութային ինքնության պահպանման կարևորությունը։

Սոցիալական ցանցերում լիբանանցի քաղաքական և հասարակական գործիչները նույնպես հիշատակի գրառումներ են կատարել։ Ժըբրան Պասիլը նշել է, որ պատմական հիշողությունը կարևոր է ատելության կրկնությունը կանխելու համար։ Սամի Ժմայելը և Նեդիմ Ժմայելը ընդգծել են ճշմարտության և հիշողության անջնջելիությունը, իսկ Սամիր Ժահժան գրել է պայքարող ժողովուրդների դիմադրության մասին։

Այս արձագանքները ցույց են տալիս, որ Հայերի ցեղասպանության հիշողությունը Լիբանանում շարունակում է դիտվել ոչ միայն որպես պատմական իրադարձություն, այլև որպես համամարդկային հիշողության և արդարության հարց։