Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանի առաքելությունում կայացավ Ազգային ժողովի 3-րդ գումարման 7-րդ լիագումար նիստը։ Նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը ներկայացրեց խորհրդարանի վերջին վեց ամիսների գործունեության համապարփակ հաշվետվությունը՝ անդրադառնալով կազմակերպված միջոցառումներին, օրենսդրական աշխատանքներին, հանձնաժողովների գործունեությանը, ընդունված որոշումներին և միջազգային ու հանրային նախաձեռնություններին։
Օրենսդրական գործունեություն և հանձնաժողովների աշխատանք
Նելլի Հարությունյանի ներկայացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են ինչպես ֆիզիկական ձևաչափով միջոցառումներ, այնպես էլ առցանց (Zoom) հանդիպումներ, պատրաստվել և քննարկվել են բազմաթիվ զեկույցներ, մշակվել ու ընդունվել են օրենքներ և որոշումներ։
Օրինագծեր մշակող հանձնաժողովն իր առաջին նիստը գումարել է 2024 թվականի փետրվարի 15-ին։ Այդ օրվանից հետո հանձնաժողովն անցկացրել է ընդհանուր առմամբ 65 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են օրինագծերի թեմաներ, օրենսդրական առաջարկություններ և Ազգային ժողովի ներքին կանոնակարգի փոփոխություններ։
Միայն 2026 թվականի ընթացքում Ազգային ժողովի օրակարգերի ձևավորման նպատակով անցկացվել է 21 նիստ, որոնց շրջանակներում քննարկվել են օրենսդրական կարգավորումների, որոշումների և կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր։
ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանի նիստերը վարել է փոխնախագահներ Գայանե Թադևոսյանի, Գրիգորի Ամիրզայանի և Անդրանիկ Բերթակյանի, ինչպես նաև նիստերին մշտապես մասնակցող պատգամավորների աջակցությամբ։ Օրինագծեր մշակող հանձնաժողովի նիստերում քննարկված նախաձեռնությունների հիման վրա նախագահական խորհուրդը հաստատել է հաջորդ նիստերի օրակարգերն ու նիստերի արձանագրությունները։
Բնիկության մասին օրենքի նախաձեռնությունը
Հաշվետու ժամանակաշրջանի կարևորագույն օրենսդրական նախաձեռնություններից էր բնիկության մասին օրենքի նախագիծը, որը Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։
Փաթեթը ներառել է «Արևելյան Հայաստանում ապրող հայ ազգի բնիկության ճանաչման մասին» օրենքի նախագիծը, համապատասխան հուշագիրը և ուղեկցող նամակը։ Փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների էլեկտրոնային հասցեներին։
ԱԺ-ն նաև դիմում է ընդունել՝ կոչ անելով Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնին ընդունել բնիկության մասին օրենք և ճանաչել հայ ժողովրդի բնիկությունը իր պատմական տարածքներում։ Այդ նպատակով ընդունվել են համապատասխան հայտարարություն և հուշագիր։
Միաժամանակ ձևավորվել է պատգամավորների հարցադրումների փաթեթ, որը հրապարակվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական հեռուստատեսության և պաշտոնական կայքի միջոցով։
Պետական հիշատակի և տոնական օրերի ցանկ
Ազգային ժողովի կողմից ներկայացվել և ընդունվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետական տարեկան օրացուցային հիշատակի և տոնական օրերի պաշտոնական ցանկը։
Հունվարի միջոցառումները
Հունվարի 19-ին կազմակերպվել է Zoom հանդիպում՝ նվիրված Արևմտյան Հայաստանի անկախության ճանաչման օրվան և Հրանտ Դինքի հիշատակին՝ որպես ազատության խորհրդանիշի։
Փետրվարի գործունեությունը
Փետրվարի 1-ին անցկացվել է Zoom հանդիպում՝ Հայկական լեգիոնի կազմավորման օրվա առթիվ։
Փետրվարի 4-ին նշվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծման օրը։
Փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձին, կազմակերպվել է այց Եռաբլուր պանթեոն և առցանց հանդիպում։
Ներկայացվել է զեկույց բնիկ հայերի նկատմամբ պատմական անարդարությունների և տարածքային իրավունքների վերաբերյալ։
Ազգային ժողովը որոշում է ընդունել Արևմտյան Հայաստանի Հանրապետության կողմից պոնտոսահույների ցեղասպանության ճանաչման մասին։
ԱԺ արտաքին հանձնաժողովը ներկայացրել է հարցադրումների փաթեթ։
Հատուկ հանդիպում է կազմակերպվել արցախահայության ներկայացուցիչների հետ՝ Արցախի հարցերով հանձնաժողովի պատասխանատու Աշոտ Հարությունյանի նախաձեռնությամբ։ Քննարկվել են նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամեանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումների և դրանց հանրային ներկայացման հետ կապված հարցեր։
Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորների հանդիպումը նախագահ Արմենակ Աբրահամեանի հետ։
Մարտի օրենսդրական նախաձեռնությունները
Մարտին Ազգային ժողովը պատրաստել, քննարկել և ընդունել է «Արևմտյան Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքը։
Մարտի 21-ին կազմակերպվել է Zoom հանդիպում՝ նվիրված Հայոց Նոր տարվան։
Ընդունվել են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին վերաբերող ենթաօրենսդրական ակտեր։ Կառավարության կողմից ներկայացված որոշումները նախատեսում են համապատասխան ցանկերի լրացում պատգամավորների և փորձագետների կողմից՝ ոլորտի շարունակական զարգացման նպատակով։
Քննարկվել և ընդունվել է նաև հանգանակության մասին օրինագիծը։
Ապրիլյան միջոցառումներ
Ապրիլի 8-ին՝ Դիմադրության շարժման հիշատակի օրը, իրականացվել է այց Եռաբլուր և ծաղիկների խոնարհում ԱՍԱԼԱ-ի մարտիկների շիրիմներին։
Ապրիլի 24-ին ԱԺ պատգամավորների և հրավիրված հյուրերի մասնակցությամբ տեղի է ունեցել համահայկական ոգեկոչման արարողություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ տեղադրվել է ծաղկեպսակ և խոնարհվել ծաղիկներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նույն օրերին Ֆրանսիայի մի շարք քաղաքներում նախագահ Արմենակ Աբրահամեանի և տիկին Լիտիա Մարկոսեանի նախաձեռնությամբ կազմակերպվել են ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական միջոցառումներ՝ պատգամավորների և ԱՀՀ պատվո դրոշակակիրների մասնակցությամբ։ Միջոցառումները հեռարձակվել են պետական հեռուստատեսությամբ։
Ապրիլի 26-ին Արևմտյան Հայաստանից ընտրված պատգամավորների նախաձեռնությամբ և նախագահ Արմենակ Աբրահամեանի բարձր հովանու ներքո ԱՀՀ մեծ դահլիճում ցուցադրվել է «Հողի հիշողություն» («Dersim») ֆիլմը։
Ապրիլի 28-ին կազմակերպվել է ևս մեկ ոգեկոչման արարողություն Ծիծեռնակաբերդում, որից հետո հարակից տարածքում անցկացվել է մեծ միջոցառում՝ նվիրված այն պետություններին շնորհակալություն հայտնելու նպատակին, որոնք ճանաչել են բնիկ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը։ Միջոցառումը նույնպես իրականացվել է նախագահ Արմենակ Աբրահամեանի բարձր հովանու ներքո։
Հատկանշական է, որ բոլոր միջոցառումներից հետո կազմվել են հաշվետվություններ, որոնք ներկայացվել են ինչպես Ազգային ժողովին, այնպես էլ նախագահ Արմենակ Աբրահամեանին և հրապարակվել պետական հեռուստատեսության եթերում։
Մայիսյան նախաձեռնություններ
Մայիսի 9-ին՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, անցկացվել է Zoom հանդիպում։
Մայիսի 11-ին նշվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման օրը Միացյալ Նահանգների կողմից։ Նշվել է, որ ԱՄՆ Սենատի թիվ 359 բանաձևով շնորհավորանք է փոխանցվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ժողովրդին անկախության ճանաչման կապակցությամբ։
Ներկայացվել է նաև Վանա լճի, բնիկության իրավունքի և Վանա լճի ավազանում տեղի ունեցող բնապահպանական խնդիրների վերաբերյալ զեկույց, որը նախատեսվում է ներկայացնել միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում։
Մայիսի 24-ին նշվել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հիմնադրման 13-րդ տարեդարձը։
Վեցամսյա աշխատանքի ամփոփում
Հաշվետու ժամանակահատվածում՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն անցկացրել է 21 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ օրենսդրական, քաղաքական, մշակութային և հանրային նշանակության հարցեր։
Ներկայացված հաշվետվությունը վկայում է, որ խորհրդարանը շարունակել է ակտիվ գործունեությունը թե՛ օրենսդրական դաշտում, թե՛ ազգային հիշողության, մշակութային ժառանգության պահպանման, բնիկության իրավունքի պաշտպանության և միջազգային հարթակներում հայկական հարցերի բարձրաձայնման ուղղություններով։
