Մարտի 21-ը՝ վերածննդի և ներքին զարթոնքի խորհուրդը

  • by Editbeglari, 23 Մարտի, 2026 in Լուրեր
128 դիտում

Արևմտյան Հայաստանի հարգելի ու սիրելի բարեկամներ,

 Մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասարի օրն էր։ Երկինքը, երկիրը և ծովը մտան ծննդաբերական վիճակ, ծովից բարձրացավ եղեգնյա ցողուն, որը բռնկվեց կրակով, և այդ կրակից ծնվեց Վահագնը՝ մազերը կրակոտ, մորուքը բոցեղեն, աչքերը՝ արեգակի նման։ Վահագնի ծնունդով սկսվեց Արեգ ամսվա Արեգ օրը՝ մեր Նոր տարին։

Սիրելի հայություն, շնորհավոր ձեր Ամանորը, որը Արևմտյան Հայաստանի պետության կողմից սահմանված է որպես հայոց Նոր տարի։ Շնորհակալություն Արևմտյան Հայաստանի պետությանը։

Ամեն տարի կարելի է նշել Նոր տարին, ունենալ բարի մաղթանքներ և խոստումներ նոր ծրագրերի մասին։ Բայց որպեսզի Նոր տարին դառնա իրական վերածնունդ, անհրաժեշտ է, որ Վահագնը ծնվի մեր ներսում։

«Եթե Քրիստոսը հազար անգամ ծնվի Բեթղեհեմում և ոչ թե ձեր մեջ, դուք կմնաք հավերժ կորած», — ասում է 17-րդ դարի հայտնի բանաստեղծ և աստվածաբան Անգելուս Սիլեզիուսը։

Պետք է դուրս գալ սովորույթներից և ավանդույթներից և կենտրոնանալ մեր ներքին աշխարհի վրա։ Խորհրդանիշները կարևոր են՝ մեզ մշտապես հիշեցնելու մեր իրական առաքելության մասին, որը վերադարձն է դեպի աստվածային արքայություն։ Պետք է ապրել այնպես, որ մենք մեզ հեռացնենք նյութական աշխարհի ձգտումներից, մեր մեջ արթնացնենք կարոտը դեպի բարձրագույնը, և մեր հոգին անցնի ծննդաբերական վիճակի, որպեսզի մեր մեջ հնարավոր դառնա Քրիստոսի կամ Վահագնի ծնունդը, այսինքն՝ վերափոխվենք դեպի բարձրագույնը։ Սա հոգու և ոգու իրական միություն է, իրական վերածնունդ։

Այս առումով կարելի է կրկնել նաև, որ Արևմտյան Հայաստանը «մարդկության հոգևոր փորձության դաշտ, ճշմարտության մարմնավորման վայր» է, որտեղ արդարությունն ու ճշմարտությունը պետք է իրականություն դառնան, իսկ Արևմտյան Հայաստանի պետականությունը՝ այդ առաքելության իրականացման շարժիչ ուժն է։

Թող մեր Նոր տարին դառնա մեր ներքին զարգացման խթան՝ քայլ առ քայլ, մշտապես առաջընթաց ապահովելով։ Թող Վահագնը կամ Քրիստոսը կարողանան ծնվել մեր մեջ և, հետևաբար, նաև Արևմտյան Հայաստանում՝ ուղերձ հղելով մարդկությանը դեպի բարին, դեպի լույսի վերափոխումը։

Շնորհավոր մարտի 21։

Մասիս Ինճիճեան