Կրթությամբ աշխարհագրագետ, արշավորդ ու լեռնագնաց Տիգրան Վարագը 2012-ին հիմնել է Armenian Geographic նախագիծն ու զբաղվել աշխարհագրական տուրիզմով։ Հայաստանի ու Արցախի հայտնի ու անհայտ լեռներն ուսումնասիրելուց հետո Armenian Geographic-ը վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել Արեւմտյան Հայաստանում գտնվող լեռները։
2014-ից ուսումնասիրում ու բացահայտում ենք Հայկական լեռնաշխարհը, նկատի ունենք այն լեռները, որոնք ՀՀ տարածքից դուրս են։ 5-6 օրով ենք գնում Արեւմտյան Հայաստան։ Ստանդարտ տուրերի աշխարհագրությունն ինչպիսի՞ն է՝ Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում, Բայազետ, հիմնականում քաղաքներ են, մի քանի պատմական հուշարձաններ։ Մեր խումբն այդ ամենը մի անգամ տեսնելուց հետո այդ էջը փակեց. մեզ լեռներն էին ավելի շատ հետաքրքրում:
Սկսեցինք բացահայտել այն լեռները, որոնց մասին ընդհանրապես տեղեկություն չկար։ Կոպիտ ասած՝ 100 տարի առաջվա ընդհատված կապը նորից գցեցինք լեռների մեջ։Մարաթուկ, Անդոկ, Ծովասար, Վարագ, Արտոս, Նեմրութ. այս սարերի մասին հանդիպում էինք միայն գրականության մեջ, երգերում, բայց չէինք ճանաչում գոնե մի մարդու, որը բարձրացել է։ Օրինակ՝ Վարագավանքի մասին բոլորը գիտեն, կաթողիկոսանիստ վանք է եղել, Խրիմյան Հայրիկն է այնտեղ նստել, հայերի համար Վարագը սուրբ լեռ է համարվել, բայց ոչ մեկը չէր բարձրացել, մենք առաջինն էինք։
