Ցեղասպանության վերջին վկաներից Մերի Վարթանյանը մահացել է

  • by Editbeglari, 03 Հուլիսի, 2026 in Արմենոցիդ
113 դիտում

112 տարեկան հասակում կյանքից հեռացել է 1914 թվականին Անթեփում ծնված Մերի Վարթանյանը՝ Հայերի ցեղասպանության վերջին կենդանի վկաներից մեկը։

Նա իր կյանքի ընթացքում անցել է երկար ու ծանր ճանապարհ՝ Գազայից Անթեփ, ապա Հալեպ, Բեյրութ և վերջապես ԱՄՆ՝ Մասաչուսեթս նահանգ։ Ցեղասպանության ժամանակ նա դեռ մեկ տարեկան էր և մանկության առաջին տարիները անցկացրել է այդ ողբերգական իրադարձությունների ստվերում։

Կյանքի ընթացքում Մերի Վարթանյանը կարողացել է վերականգնել իր ընտանիքը և պահպանել հայկական մշակութային ավանդույթները՝ հատկապես ձեռագործության և գորգագործության ոլորտում, որոնք հետագայում ցուցադրվել են նաև Լիբանանում՝ Կիլիկիայի կաթողիկոսության թանգարանում։

1935 թվականին նա ամուսնացել է երաժիշտ Հովհաննես Վարթանյանի հետ, ունեցել է վեց զավակ։ Ամուսնու մահից հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ակտիվ մասնակցությունը հայկական համայնքի կյանքին՝ աշխատելով, մեծացնելով երեխաներին և ներգրավվելով եկեղեցական գործունեության մեջ։

Նրա հարազատների խոսքով՝ Մերի Վարթանյանը հայտնի էր իր խոնարհությամբ, հավատով և մարդասիրությամբ։ Վերջին տարիները նա անցկացրել է Մասաչուսեթսի հայկական ծերանոցում, որտեղ նրան հիշում են որպես մշտապես ժպտացող և շրջապատին ջերմություն փոխանցող մարդու։

2024 թվականին նա հատուկ հարգանքի է արժանացել Մասաչուսեթսի նահանգային ժողովում՝ Հայերի ցեղասպանության հիշատակի արարողության շրջանակում՝ որպես պատմական հիշողության կենդանի վկա և հայկական համայնքի արժանավոր ներկայացուցիչ։

Մերի Վարթանյանը թողել է վեց զավակ, 15 թոռ, 21 ծոռ և մեկ ծոռի ծոռ։